HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նորք-Մարաշ ԲԿ-ի քրեական գործն առաջ չի գնում․ ՊՎԾ-ի ստուգումն էլ անհետևանք է մնացել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի (սրտաբանական) վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն առաջ չի գնում։ Լիազորությունների չարաշահման հատկանիշներով հարուցված քրեական գործով միակ նորությունն այն է, որ նախաքննությունն իրականացնող քննիչին փոխարինել է մեկ այլ քննիչ։

«Հետք»-ն այս տարի անդրադարձել էր Սրտաբանական հիվանդանոցի կարիքների համար իրականացված գնումներին և բացահայտել, որ 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում, անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ, ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։

Գլխավոր դատախազությունը մեր այդ հրապարակումն ուղարկել էր Քննչական կոմիտե՝ դրանում առկա փաստերն արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով։

ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը մեր գրավոր հարցերին ի պատասխան հայտնել է, որ ձեռնարկվում են ապացուցողական, այլ վարութային գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է ֆինանսատնտեսական ստուգում, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Թե երբ է կատարվել ստուգումը և ե՞րբ է ակնկալվում դրա պատասխանը, ՔԿ-ից չեն հստակեցնում։

Քննչական կոմիտեի պաշտոնյան հայտնել է նաև, որ հոկտեմբերի 27-ին գործը քննող քննիչի փոփոխություն է տեղի ունեցել։ Սա նշանակում է, որ նոր քննիչը դեռ պետք է ծանոթանա գործի նյութերին։

Քննչական մարմնից բացի, մենք վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայություն էինք դիմել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ՊՎԾ-ն «Նորք-Մարաշ» ԲԿ-ում 2020 թ․-ին իրականացրած ստուգման արդյունքներով խախտումներ հայտնաբերելուց հետո։ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանն էլ վերը նշված հարցին պատասխանել է, որ ԲԿ-ում արձանագրած թերությունների և խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքը փոխանցվել է Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով միջոցառումներ ձեռնարկել։

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնել են նաև, որ այժմ վերահսկողություն են իրականացնում Առողջապահության նախարարությունում, որի ընթացքում ուսումնասիրում են պետպատվերի շրջանակում կնքված պայմանագրերի կատարումը։

«ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա զուգահեռ ուսումնասիրություն է իրականացվում նաև գործի մյուս կողմ հանդիսացող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում»,- հայտնել է ՊՎԾ պաշտոնյան՝ հավելելով, որ ուսումնասիրության արդյունքները դեռ ամփոփված չեն։

Նշենք, որ քրեական գործին զուգահեռ որոշ գործողություններ է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ Մասնավորապես՝ քաղաքապետարան են հրավիրվում «Նորք-Մարաշ» ԲԿ-ին բժշկական նյութեր և սարքավորումներ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվում են ԲԿ-ի գնումների գործընթացին առնչվող հարցեր։ Այդ քննարկումներին, կախված արդյունքներից, կանդրադառնանք հետագայում։

Գլխավոր լուսանկարում «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter