HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին ահազանգում է, որ «քննիչը գործ է սարքում իր վրա»

«Գրին Վեյ Լոջիստիքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Եվգենյա Կազումյանը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ՎՇՔԲ քննիչ Արմեն Գրիգորյանն իր նկատմամբ անօրինականություններ է թույլ տալիս։ Ըստ Կազումյանի՝ ակնհայտ քաղաքացիաիրավական հարաբերությունները քննիչն արհեստականորեն վերածում է կեղծ քրեաիրավական հարաբերությունների: Նա խնդրում է պատկան մարմիններին քննիչ Արմեն Գրիգորյանին ենթարկել պատասխանատվության, ինչպես նաև՝ կարճել քրեական վարույթը։

Ստորև ներկայացնում ենք Եվգենյա Կազումյանի հայտարարությունը: Նա նույնաբովանդակ դիմում-բողոքներ է ուղարկել նաև Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Ես Եվգենյա Կազումյանն եմ, «Գրին Վեյ Լոջիստիքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Ընկերությունը չունի սեփական բեռնատարներ և իրականացնում է միջնորդություն՝ լոգիստիկ ծառայությունների մատուցման ոլորտում։ Պայմանագրային հարաբերություններով աշխատում ենք թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ երկրների տարածքներում, քանի որ լոգիստիկ ծառայության առանձնահատկությունն է այդպիսին։

Մեր կողմից լոգիստիկ ծառայությունը մատուցվում է հետևյալ կերպ․ պատվիրատուն հայտնում է, թե որտեղ է գտնվում իր բեռը, և այն որտեղ պետք է տեղափոխվի։ Մենք գտնում ենք համապատասխան փոխադրողին, կնքում ենք նրա հետ բեռնափոխադրման պայմանագիր և իրականացնում ենք այդ պատվիրատուի բեռնափոխադրումը։

«Դեագա» ՍՊԸ-ին նախկինում ծառայություններ ենք մատուցել չորս անգամ։ Բոլոր դեպքերում Բելառուսից Հայաստանի Հանրապետություն ապրանքի տեղափոխման նպատակով են դիմել մեզ։ «Դեագա» ՍՊԸ-ի հետ 29.06.2021թ․-ին կնքվել է Գործակալական  պայմանագիր։ Նշված պայմանագրով, որի սահմանումը և առանձնահատկությունները սահմանված են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-812-րդ հոդվածներով, գործակալը, կոնկրետ դեպքում՝ մեր ընկերությունը, համապատասխան բեռը ՀՀ տեղափոխելու համար կարող էր պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել այլ անձանց հետ։ Յուրաքանչյուր բեռի մասով ընկերությունն ուղարկում է ենթագործակալին պատվեր, որի հիման վրա կամ անմիջապես փոխադրողի կամ ենթագործակալի հետ կնքվում է տրանսպորտային առաքման կամ էքսպեդիցիոն սպասարկման  պայմանագիր։

«Դեագա» ՍՊԸ-ի կողմից հերթական անգամ պատվիրվել է մեզ 2022թ․-ի ապրիլ ամսվա սկզբին, որի հիման վրա կոնտրագենտին ուղարկվել է պատվեր-հայտը։ Կոնտրագենտը տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Տատյանա Պոպկովա Վլադիմիրովնան է՝ հաշվառված Բելառուսի Հանրապետությունում:

«Դեագա» ՍՊԸ-ի կողմից տրված պատվերի հիման վրա 25․04․2022թ-ին Տատյանա Պոպկովայի հետ կնքվել է տրանսպորտային էքսպեդիցիոն ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Դրա շրջանակներում 25․04․2022թ-ին Պոպկովային է ուղարկվել  պատվեր-հայտը։ Հայտի պայմանները հետևյալն են․ Բելառուսի Կալինկովիչի քաղաքից Հայաստան, ք․ Երևան բեռի տեղափոխում․ բեռը՝ կաթի փոշի, փոխադրման ժամկետ՝ 7-10 օր, փոխադրման արժեքը 3600 ԱՄՆ դոլար, քաշը մինչև 21,5 տոնա, բեռնատարի մակնիշը՝ MERCEDES BENZ I84O ACTRO P991PT 39/ SHMITZ SKO24 EH239450, բեռնման ամսաթիվ՝ 28․04․2022թ․ բեռի գինը կազմել է 71,400 ԱՄՆ դոլար (ըստ CMR-ի մեջ նշված տվյալների, CMR-ը՝ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Սովորաբար ցանկացած ներմուծող բավականին լավ տեղյակ է բեռի ապահովագրման մասին։ Բեռի ապահովագրումն իրականացվում է պատվիրատուի կողմից։ «Դեագա» ՍՊԸ-ն կոնկրետ դեպքում չի իրականացրել բեռի ապահովագրում։ Եվ մեզ էլ չի տեղեկացվել այդ մասին, որպեսզի մենք իրականացնեինք ապահովագրությունը:

Հայտնում եմ Ձեզ, որ բեռը տեղափոխող վարորդին չեմ ճանաչում, վերջինիս հետ չենք ունեցել որևէ տեսակի շփում։ Մեքենայի եւ վարորդի տվյալներն իմ աշխատակցին փոխանցել է Տատյանա Պոպկովայի ընկերության աշխատակից Աննան: Բեռը Բելառուսի Կալինկովիչի քաղաքից դուրս է եկել 28.04.2022թ․-ին։ Որոշ ժամանակ բեռով բարձված մեքենայի գտնվելու մասին տեղեկություն ստացել ենք փոխադրողից, սակայն 02.05.2022թ․-ին մեզ տեղեկացրել են, որ վարորդն այլևս կապի դուրս չի գալիս։ Մեր կողմից անմիջապես այդ մասին տեղեկացվել է «Դեագա» ՍՊԸ-ին, ապա նաև խնդրել եմ իմ ծանոթներին ամեն կերպ օգնել հայտնաբերելու բեռը։ Ինչպես պարզվեց, բեռը տեղափոխվել էր Մոսկվա քաղաք, ինչ-որ մի կաթի գործարան։ Այդ տվյալներն անմիջապես հայտնել եմ թե՛ «Դեագա» ՍՊԸ-ին, թե՛ Տատյանա Պոպկովային։

«Դեագա» ՍՊԸ-ից Արմենն ինձ հայտնեց, որ որևէ գործողություն չիրականացնեմ, քանի որ նա իր ծանոթների միջոցով կփորձի կարգավորել այդ հարցը։ Այնուհետև, հեռախոսակապի միջոցով, ինձ ծանոթացրին ՌԴ-ում բնակվող Արմենի ծանոթ փաստաբան, ազգությամբ հայ Օլեգի հետ: Վերջինիս հետ որոշակի խոսակցություն ունենալուց հետո էլեկտրոնային փոստով նրան եմ ուղարկել փաստաթղթերի ողջ փաթեթը՝ ներառյալ լիազորագիր, որպեսզի ինքը ՌԴ-ում իրականացնի գործողություններ:

Այդ ընթացքում ես անընդհատ պահանջել եմ Տատյանա Պոպկովայից գործողություններ ձեռնարկել, որպեսզի բեռը հայտնաբերվի, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Սկզբում Տատյանան ինձ հայտնում էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Բելառուսի իրավապահ մարմիններին, և իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։ Սակայն երկու ամիս անց Տատյանան ինձ հայտնեց, որ հարուցված քրեական գործ չկա։

Այդ ընթացքում իմ կողմից դիմում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ պարոն Ա․ Պապյանին` կապված դեպքի հետ։ Դիմումի կապակցությամբ բացատրություններ եմ տվել, սակայն ինձ բացատրեցին, որ որևէ գործողություն չեն կարող իրականացնել։ Միևնույն ժամանակ փորձում էի կապ հաստատել Արմենի ծանոթ ՌԴ-ում գտնվող փաստաբանի հետ։ Ամեն անգամ, երբ նրան զանգահարել եմ, նա ինձ պատասխանել է, որ գործն ընթացքի մեջ է, ինքը հետևում է գործին։ Սակայն, երբ այս տարվա օգոստոս ամսին զանգահարեցի նրան, նա ինձ պատասխանեց, որ իրեն ուղարկած օրիգինալ փաստաթղթերի փաթեթը կորել է, և իրեն չի հասել։

Մինչ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, այսինքն մինչ սույն քրեական վարույթի նախաձեռնումը, Արմենն ամեն անգամ ինձ սպառնում էր, զանգահարել է ամենատարբեր ժամերի, ինձ ուղարկել է ամենատարբեր բովանդակոթյան հաղորդագրություններ։ Ունեմ նաեւ վերոնշալը ապացուցող ձայնագրություններ և նրա հետ մեր ամբողջ գրագրությունը:

Հայտնում եմ Ձեզ, որ ես որևէ կապ չունեմ դեպքի հետ, որևէ կերպ ուղղակի, անուղղակի կամ որևէ ճանապարհով չեմ օժանդակել քրեորեն հետապնդելի արարքին, որևէ կերպ տեղյակ չեմ եղել, որ նման արարք կարող էր կատարվել, որպեսզի կանխեի դա։ Ընդհակառակը, բարեխղճորեն առ այս պահը կատարել և կատարում եմ ամեն ինչ, որպեսզի լուծվի «Դեագա» ՍՊԸ-ին պատճառած վնասի հատուցման հարցը։ Ընկերության կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Տատյանա Պոպկովայի, քանի որ վերջինիս հետ կնքված պայմանագրով վեճերի լուծման և դատական ընդդատությունը սահմանվել է ՀՀ օրենսդրության տիրույթում։

Այն բանից հետո, երբ Արմենին ասացի, որ այլևս ինձ չանհանգստացնի և դիմի համապատասխան մարմիններին` գործը քննելու և մեղավորին հայտնաբերելու համար, «Դեագա» ՍՊԸ կողմից հաղորդում ներկայացվեց ՀՀ ոստիկանության ՔԳՎ, որտեղ նյութեր նախապատրաստելուց, հավանաբար նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո այն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն ՎՇՔԲ, որտեղ էլ այն հանձնարարվել է քննիչ Արմեն Գրիգորյանին։

Արմեն Գրիգորյանի մոտ եղել եմ 4 անգամ։ Առաջին երկու անգամը հրավիրված լինելով քննիչի մոտ՝ լսել եմ ինձ սպառնացող կամ համոզող բնույթի արտահայտություններ։ Այսպես, քննիչն ինձ հայտնում է, որ գործ ունենք առանձնապես խոշոր չափերի հափշտակության հետ և իբր, այդ ամենը ես եմ կազմակերպել, ավելի լավ է պարտավորագիր գրեմ, որ գումարը փոխանցելու եմ, մի բան էլ հիմա փոխհատուցեմ «Դեագա» ՍՊԸ-ին, հակառակ դեպքում վատ հետևանքներ են սպասվում։ Կամ նույն այդ ժամանակ դնելով ինձ բացարձակապես հանցագործի տեղ, անընդհատ հարցնում է, թե ինչ որոշեցի, որքան եմ կարողանում հիմա գումար գտնել, որքան ժամանակից ամբողջ գումարը կփակեմ։ Այնուհետև փաստաբանի հետ այցելելու ժամանակ, վերստին մեկ ժամ քննիչի սենյակում անցկացնելուց հետո, նա ոչ մի բառ չի գրել իմ տված ցուցմունքից, ապա դատավորին ներկայացրել է, թե իբր ես հրաժարվում եմ ցուցմունք տալ: Այնինչ մենք պայմանավորվեցինք հաջորդիվ ներկայանալ և տալ ցուցմունք, սակայն կոնկրետ օր և ժամ չենք պայմանավորվել։ Նույն օրը հարցաքննվեց նաև իմ աշխատակիցը` Լիլիա Հարությունյանը, ումից քննիչն ուզել է բելառուսական ընկերության աշխատակցի հետ գրագրության «սքրինները», որոնք հաջորդ օրը աշխատակցուհիս ուղարկել է քննիչի «վայբերին»:

Հաջորդ օրը քննիչը զանգահարել և ինձ ասում է՝ ու՞ր եք, ինչու՞ չեք գալիս ցուցմունք տալու: Ես նրան հայտնեցի, որ մենք այսօր չենք պայմանավորվել, սակայն նա ինձ նույնիսկ չլսելով՝ հայտնեց, որ հենց հիմա գնանք իր մոտ և ցուցմունք տանք։ Ես նրան հայտնել եմ, որ պատշաճ կերպով ինձ ծանուցում ուղարկի, որպեսզի գնամ ցուցմունք տալու: Այնուհետև կրկին զանգահարեց և ասաց, որ հայտնեմ իմ  դիրքորոշումը, թե երբ եմ այդ գումարները ես փակելու։ Այնուհետև նա կապվում է իմ փաստաբանի հետ, պայմանավորվում են հանդիպել՝ ցուցմունք տալու համար, սակայն կոնկրետ օր և ժամ չեն պայմանավորվում, քանի որ քննիչը հայտնում է՝ իբր ծանուցագիր է ուղարկել, որտեղ օրը և ժամը նշված է. ըստ այդմ պետք է ներկայանանք։ Այդպես էլ այդ ծանուցագիրը մենք չստացանք։

Նախորդ շաբաթ և կիրակի օրերին քննիչն ինձ զանգում է տարբեր ժամերի, ընդհուպ 22:00-ից հետո, անընդհատ հարցնում, թե ինչ դիրքորոշում ունեմ, երբ եմ մարելու գումարները։ Այնուհետև, արդեն երեքշաբթի օրը՝ առավոտյան 8-ին, քննիչն ու ևս չորս ոստիկանության օպեր ներխուժեցին մեր տուն, և իրականացվեց իմ բնակության վայրի և գրասենյակի խուզարկություն։ Խուզարկության արդյունքում ես զրկվեցի գործունեություն իրականացնելու հնարավորությունից, քանի որ համակարգիչներս առգրավվեցին։ Ես հասկանում եմ, եթե քրեական վարույթ է, ապա չի բացառվում խուզարկություն կամ այլ բնույթի գործողություններ։ Սակայն, խուզարկության ընթացքում իմ հարազատների, հարևանների առջև ինձ հետ կոպիտ խոսելով՝ փորձում էր ինձ ամեն կերպ հասկացնել, որ պետք է գումարը մարեմ։ Ինձ վրա հոգեբանական ճնշում է գործադրվել:

Քննիչը կանգնել էր գլխավերևումս, մինչև ես կարդում էի Դատավորի որոշումը՝ իմ բնակարանը խուզարկելու մասին: Իմ տան մեջ իրեն թույլ էր տալիս ինձ հետ բարձր տոնով խոսել, մինչև ես իրեն ասացի, որ իր լիազորությունները չչարաշահի, նստի և սպասի մինչև ավարտեմ կարդալս: Օպերների կողմից ևս զգացվում էր շատ տհաճ վերաբերմունք: Վերջիններս քանդեցին ամբողջ տունս, փնտրում էին ինչ-որ դոլարներ:

Այնպիսի տպավորություն է, ասես Արմեն Գրիգորյանը ոչ թե քննիչ է, այլ` «Դեագա» ընկերության փաստաբանը, իհարկե՝ փաստաբանին ոչ վայել վարքագծով։ Թերևս կուլմինացիոն իրավիճակն առաջացավ 01․12․2022թ-ին, երբ ժամը 16:00-ին մենք՝ փաստաբանիս հետ միասին, պետք է լինեինք քննիչի մոտ։ Ժամը 16:00-ին հասնելով քննիչի աշխատասենյակ՝ նա մեզ ասաց, որ սպասենք, մինչև ինքը կանչի։ Սպասեցինք: 30 րոպե անց, քննիչը հայտնեց, թե զբաղված է, կկանչի։ Ժամը 17:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում իմ փաստաբանը դատական նիստ ուներ, հետևաբար չէր կարող սպասել։ Ստիպված դուրս եկանք ոստիկանությունից, և ես զանգահարեցի քննիչին, հայտնեցի, որ այլևս չենք կարող սպասել։ Քննիչը բավականին կոշտ տոնով հայտնեց, որ ինձ է սպասում, հենց հիմա պետք է գնամ իր մոտ։ Ստիպված հետ եմ դարձել և մտել քննիչի աշխատասենյակ։ Նա քննիչին ոչ վայել վարքագծով, իր կոլեգաների հետ միասին, սկսեցին ծաղրուծանակի ենթարկել ինձ։ Զարմանալին այն էր, որ նրա սենյակում նստած էր այն աղջիկը, ում իրենք իբրև ընթերակա բերել էին մեր տուն` խուզարկություն իրականացնելու։

Երբ ես մեր տանն ասացի, որ այդ աղջկան ես տեսել եմ քննիչի սենյակում, ասացին, որ նման բան հնարավոր չէ: Քննիչ Գրիգորյանը նստած դիմացս` իր աշխատասենյակում, ծխում և ծուխը փչում էր ուղիղ երեսիս, ապա նաև կոպիտ կերպով ինձ ասում է, որ առգրավվելու է իմ հեռախոսները։

Քանի որ բազմիցս Արմեն Գրիգորյանն ինձ մի բան է ասել, հետո ասել, որ նման բան չի ասել, ես ասացի, որ ձայնագրելու եմ մեր խոսակցությունը: Թերևս դրանից հետո նա ինձ ստիպեց անջատել հեռախոսներս, իսկ երբ հրաժարվեցի, ինձ դուրս հրավիրեց սենյակից՝ այդպես էլ չվերցնելով ցուցմունքս:

Այն աստիճանի հուզվեցի, որ դուրս եկա նրա աշխատասենյակից և բարձրաձայն հարցնում էի, թե կա մի տեղ, որ կարողանամ այս քննիչի վրա բողոք ներկայացնել։ Մուտքի մոտ նստած ոստիկանը, որ հեռախոսով խաղ էր խաղում, նույնիսկ չհարցրեց, թե ինչ է ինձ հետ եղել:

Ես խորհրդակցել եմ իմ փաստաբանի հետ և արդեն իսկ գիտակցում եմ, որ իմ նկատմամբ առկա է ուղղորդված, կանխակալ մոտեցում։ Ակնհայտ է, որ քննչական լիազորությունները քննիչը ի չարս է գործադրում, որ ինձանից ինչ-որ գումար ստանան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter