
Շարքային զինծառայողը իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից է ստացել վիրավորումը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մեկնաբանել