Օրենսդրական նախաձեռնությամբ 2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ` օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից:
Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:
««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումն ընդմիջվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը` որոշ հարցեր ճշգրտելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել