
ՄԻՊ պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից Լոռիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի պատճառով, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ։
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ իրենց ներկայացուցիչներին ոստիկանությունից բանավոր հավաստիացրել են, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
«Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել