HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արթուր Ստեփանյանին

Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում որոշեց բավարարել Արդադարատության նախարարության միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին եւ նկատողություն հայտարարեց:

Միջնորդության քննությունը սկսվել էր այս տարվա նոյեմբերի 7-ին։ 

Ըստ Արդարադատության նախարարության՝ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների ենթադրյալ խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը գործով հայցվորին տրամադրել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ։ 

Արդարադատության նախարարության անունից հանդես էր գալիս նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, իսկ դատավոր Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը փաստաբան Սիրանուշ Սահակյանն էր։

Առաջին նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է այն ժամանակ, երբ ինքն եղել է արդարադատության նախարար: ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը:

Այնուհետև դատավորի ներկայացուցիչ Ս․ Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ-ի գիտական անդամ Երանուհի Թումանյանցին, այն հիմնավորմամբ, որ վերջինս ի պաշտոնե Արդարադատության նախարարի տեղակալի կարգավիճակով առնչվել է Ա․Ստեփանյանի կարգապահական վարույթին, ունեցել է և ունի ենթակայական հարաբերություններ Կ․Անդրեասյանի հետ և Գ․ Մինասյանի գործընկերն է։ Սահակյանի խոսքով՝ վերոնշյալ հիմքերով սույն վարույթի շրջանակներում Թումանյանցը չի կարող հանդես գալ անաչառ կերպով։ Սակայն ԲԴԽ-ն չբավարարեց այդ միջնորդությունը:

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց բացարկի մեկ այլ միջնորդություն Խորհրդի գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցին, Վիգեն Քոչարյանին և Դավիթ Խաչատուրյանին։ Միջնորդության հիմքն այն էր, որ վերջիններս առաջադրվել են իշխանական «Իմ Քայլը» (հաջորդիվ՝ «Քաղաքացիական պայմանագիր») խմբակցության կողմից առանց անկախ և մրցութային ընթացակարգի և խորհրդարանական ընդդիմության դերի խիստ սահմանափակմամբ եւ նրանց ընտրությունը արդյունք է եղել բացառապես քաղաքական նպատակահարմարության։ 

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը Սահակյանի ելույթից հետո ասաց, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելը չի կարող նշանակել հօգուտ Արդարադատության նախարարության վերաբերմունքի դրսևորում։ 

Նիստը նախագահող Ստեփան Միքայելյանն իր հերթին, անդրադառնալով ԲԴԽ անկախության հարցին, հետաքրքրվեց, թե արդյոք Սահակյանը տեղյակ է 2018-2022թթ․ կարգապահական վարույթներով բավարարված կամ մերժված միջնորդությունների վիճակագրությանը։ Սիրանուշ Սահակյանը տեղյակ չէր։ Վիգեն Քոչարյանն էլ ասաց, որ ինքն ընտրվել է ԱԺ բոլոր խմբակցությունների ձայների մեծամասնությամբ։ Այդ միջնորդությունը նույնպես ԲԴԽ-ն մերժեց։

Գործով երկրորդ նիստին՝ նոյեմբերի 14-ին, Սիրանուշ Սահակյանը կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա` վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դիմումատու Հ. Ն.-ի հաղորդումը, որից վերջինս հրաժարվել է: Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով` դիմումատուի հաղորդումից հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ կարգապահական վարույթը կարճելու համար, այդ պատճառով գտնում են, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Սիրանուշ Սահակյանը օրինակ բերեց, երբ պրակտիկայում տեղի է ունեցել առիթի փոխակերպում,  նախարարությունը հնարավորություն է ունեցել նոր առիթով հարուցել վարույթ և դրան ընթացք տալ: Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով` փաստական հանգամանքները եղել են տարբեր, և կարգապահական վարույթի շրջանակներում չեն հաստատվել:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը նշեց, որ եթե ԲԴԽ-ն կայացնի վերջնական որոշում և կարճի վարույթը, պետք է մտածի հետագա հետևանքների մասին: Հեռանալով խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ-ն որոշեց կարճել Ս. Սահակյանի միջնորդությունը:

Փաստաբանը խնդրեց հստակեցնել ժամկետները: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հստակեցրեց և ասաց, որ խախտումը սկսվել է դատական ակտը հրապարակելու պահից և շարունակվել մինչև «Դատալեքս» տեղեկատվական կայքում դատական ակտի հրապարակման օրը:

ԲԴԽ նիստը նախագահող Ստեփան Միքայելյանն ասաց, որ վարույթը հարուցվել է ի պատասխան հայցվորի դիմումի, բայց հետագայում վարույթում ներառվել է նաև պատասխանող կողմը: Արդյոք կա՞ ապացույց, որ պատասխանողը առձեռն չի ստացել կամ փոստի միջոցով դատական ակտը ստացել է ուշ: Նախարարության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ գործի նյութերում առկա չէ ուղարկած լինելու փաստը հավաստող որևէ ապացույց, և ի տարբերություն հայցվոր կողմի՝ առկա չէ նաև ստորագրություն, որ վերջինս ստացել է դատական ակտը, այլ ապացույցների բացակայության պատճառով ապացուցված են համարել, որ կողմը չի ստացել դատական ակտը:

Հաշվի առնելով պաշտպանության հիմնարար իրավունքը` Ս. Սահակյանը խնդրեց հետաձգել նիստը և ժամանակ տալ նոր մարտավարություն մշակելու համար, ինչը ԲԴԽ-ն ընդունեց:

Նոյեմբերի 18-ին շարունակված քննության ժամանակ Ս․ Սահակյանը պնդեց, որ Ա․ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ բացակայում են դրա փաստական և իրավական հիմքերը։ Բացակայել է վարույթ հարուցելու առիթը, իսկ նախարարը, ունենալով այդ հնարավորությունը, չի փոխակերպել և դարձյալ օրինականության սկզբունքի խախտմամբ պնդել է միջնորդությունը, դրանով իսկ կասկածի տակ է դրվել նախարարի անաչառությունը։ 

Դատավորին վերագրվում է երկու դատավարական նորմի և երկու վարքագծի կանոնի խախտում։ Սահակյանի կարծիքով՝ կարգապահական վարույթի հարուցմանը նախորդող գործընթացը եղել է խտրական, ուստի՝ ոչ իրավաչափ։ Գոյություն չունի միասնական պրակտիկա, և նախարարությունը չունի որևէ ստանդարտ, որից ելնելով՝ կարող է գնահատել դատավարական խախտման բնույթը և միասնական մոտեցումներով որոշել՝ որոշակի տեսակի դատավարական խախտումների պարագայում միշտ բոլոր դատավորների նկատմամբ հարուցել վարույթներ, իսկ որոշակի խախտումներ՝ իրենց նվազ նշանակությամբ պայմանավորված, չհանդիսանան վարույթի հարուցման հիմքեր։ Չկա նաև միասնական պրակտիկա դատավարական խախտումը միայն դատավարական խախտում, թե նաև վարքագծի կանոնի խախտում որակելու առնչությամբ։ 

Ինչ վերաբերում է ժամկետներին, այն հարցի նվազ կարևորությունը գնահատող գործոն չի կարող լինել։ Քննության ընթացքում չի բացառվել տեխնիկական կամ այլ օբյեկտիվ պատճառներով չհրապարակման կամ կողմին դատական ակտը չուղարկելու հանգամանքը։ Նախարարությունը չի կարողացել ինքնուրույնաբար հիմնավորել դատական իշխանության վարկանիշի անկումը և հանրության վստահության նվազեցումը, ինչի առնչությամբ որևէ փաստ կամ ապացույց ներկայացված չէ։ 

Ս․Սահակյանի խոսքով՝ վերոգրյալի հիման վրա կարգապահական վարույթը մի քանի հիմքերով ենթակա է կարճման՝ հարուցման առիթը օրինական չէ, բաց են թողնվել ժամկետներ, այն հարուցվել է կողմնակալ սուբյեկտի կողմից, չկա միասնական պրակտիկա և այն իր բնույթով ունի նվազ նշանակություն։ 

Հարց ու պատասխանի ժամանակ Արդարադատության նախախարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը հարցրեց՝ արդյոք ուղղակի կապ առկա եղել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում ստանալու և դատական ակտը կողմին տրամադրելու ու այն դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու փաստերի միջև, քանի որ այն փաստացի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակվել է միայն վարույթը հարուցելուց հետո։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, թե չի հիշում։

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը հարցրեց՝ արդյոք կան այնպիսի փաստեր, որ տեխնիկական խափանումներ են եղել, որոնք ազդել են վճռի հրապարակման վրա: Ս. Սահակյանի խոսքով՝ չեն բացառում, որ խափանմամբ պայմանավորված՝ վճիռը չի հրապարակվել, այնուհետև, այլ գործերով ծանրաբեռնված լինելով, մոռացել են տվյալ վճռի հրապարակման մասին, բայց որ խնդրո առարկա ժամանակահատվածում արձանագրվել են խափանումներ,  դա հանրահայտ փաստ է: 

«Եթե ընդունենք, որ կա խտրականություն, արդյոք ԲԴԽ-ն, միջնորդությունը բավարարելով, կիսում է խտրականության պատասխանատվությունը»,- հարցրեց Դավիթ Խաչատուրյանը։ Ս. Սահակյանն ասաց, որ խտրականությունը միշտ ենթադրում է կողմնակալություն, ուստի, եթե վարույթ հարուցող անձը գործել է խտրական, ինքնին նման վարույթի հարուցումը դառնում է կողմնակալ, իսկ ԲԴԽ-ի դիրքորոշման համաձայն` կողմնակալ վարույթի հարուցումը այն դարձնում է ոչ օրինական, և դրա վերացման միակ ճանապարհը վարույթի կարճումն է: 

Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտի մասին և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Շուշան Սիրադեղյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4- րդ կուրս

Լուսանկարում՝ դատավոր Արթուր Ստեփանյան/Iravaban.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter