Ամարասի հովտում ադրբեջանական զինուժը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Երեկ՝ նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:
Նոյեմբերի 22-ին ժամը 15:40-ին, Կարմիր շուկայի բնակիչ Ա. Սևումյանը, ոստիկանության շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ «Գյոկ» կոչվող տեղամասում` Ադրբեջանի հետ մինջդիրքային հատվածից` հակառակորդը գողացել է 1 գլուխ կով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել