HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Խոհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Պետնախարարի աշխատակազմը։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է  44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:

Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:

«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը,  բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է,- նշել է պետնախարար:- Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե  ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց  լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները, որոնք վերաբերել են, մասնավորապես,  ճանապարհաշինությանը, գյուղտեխնիկայով ապահովվածությանը,  բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 

Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները: «Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց  կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ բարձրացված հարցերն ուսումնասիրվելու են, քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները: 

Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին,  տնօրեն  Արտակ Սարգսյանի հետ  քննարկել զարգացման հեռանկարները:

Պետնախարարը  ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական  բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:

Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter