Թոշակի անցած դատավորն ավելի քան 38 մլն դրամ պակաս վճարված աշխատավարձի և տուժանքի պահանջ է ներկայացրել
Թոշակի անցնելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել Դատական դեպարտամենտին իրեն տալ փաստաթուղթ պակաս վճարած աշխատավարձի վերաբերյալ:
Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ ԲԴԽ-ն որոշել էր 2022թ. հուլիսի 11-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարեցնել: Դրանից հետո` նոյեմբերի 14-ին է նախկին դատավորը դիմել վարչական դատարան` պահանջելով տրամադրել 19 մլն 249 հազար դրամ պակաս վճարված աշխատավարձի չափի և 19 մլն 76 հազար դրամ հաշվարկված տուժանքի մասին հավաստող փաստաթուղթ:
Արթուր Մկրտչյանը գտնում է, որ 31.05.2010թ.-ից մինչև 11.07.2022թ.-ն ընկած ժամանակահատվածում դատավորի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին ընդհանուր առմամբ հավելավճարի տեսքով իրեն պակաս է վճարվել մոտ 19 մլն 249 հազար դրամ: Մկրտչյանը նաև կարծում է, որ պակաս վճարված աշխատավարձի նկատմամբ ենթակա է հաշվարկման Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0,15 տոկոսի չափով տուժանք, որն էլ կազմում է 19 մլն 76 հազար դրամ: Ստացվում է, որ նախկին դատավորը 38 մլն 325 հազար դրամ գումարային պահանջ ունի:
Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:
Արթուր Մկրտչյանը դատավորի կարիերան սկսել է 12 տարի առաջ: Նախագահի հրամանագրով՝ 2010թ. մայիսի 31-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր: ԱԺ կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Թոշակի անցնելուց ամիսներ առաջ` փետրվարի 3-ին, Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն էր հայտարարել դատավոր Մկրտչյանին: Պատճառն այն էր, որ 44-օրյա պատերազմում զոհվածի այրին դիմում էր ներկայացրել դատարան՝ նորածնի հայրության ճանաչման պահանջով: Այն ընդունվել էր դատավոր Մկրտչյանի վարույթ: Երեխան ծնվել էր հոր զոհվելուց 2 օր անց և հայրությունը ճանաչելու պահանջ էր առաջացել:
Դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել էր հայցադիմումը` պատճառաբանելով, որ արտադատական կարգը չի սպառվել, որևէ պետական մարմնից հանրությունը ճանաչելու գրանցման մերժում չի ներկայացվել դատարան:
Վերաքննիչ դատարանը բավարարել էր զոհվածի կնոջ բողոքը և գործն ուղարկել էր նոր քննության։ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ հայրության ճանաչման փաստը հաստատելիս դիմողն այլ մարմնին դիմելու կամ արտադատական կարգով այդ փաստը հաստատելու հնարավորություն չունի, քանի որ օրենքը միայն դատական կարգով է նախատեսում այդ փաստի հաստատումը։ Այլ կերպ ասած՝ առկա չէ արտադատական որևէ միջոց, որը դիմողը պետք է սպառի նախքան դատարան դիմելը։
Բացի այդ, վերաքննիչ դատարանը պարզել էր, որ գործի նյութերից բացակայել է այդ գործով դատական նիստերից մեկի արձանագրությունը, ինչը ևս դատական ակտը բեկանելու հիմք է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել