HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» մասնաճյուղի ղեկավարը թույլատրել է բնակչին ապօրինի ծառահատում իրականացնել

Քննչական կոմիտեում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, ով 2022թ. սեպտեմբերից զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով և իր լիազորությունների շրջանակից դուրս գալով, 2022թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում խախտելով իր պաշտոնի նկարագրով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային պարկի պահպանության ռեժիմ»-ի կանոնները, թույլատրել է նույն մարզի Թեղուտ գյուղի բնակչին պատկանող թրթուրավոր տրակտորի մուտքը իր պահպանության տակ գտնվող տարածք, հանձնարարել է անտառապահին տևական ժամանակով դեպի տարածք տանող ուղեփակոցի բանալին տրամադրել Թեղուտ գյուղի հիշյալ բնակչի կողմից ուղարկված անձին՝ այդ կերպ առանց հսկողության ու վերահսկողության թողնելով իր պահպանության տակ գտնվող տարածքը:

Արդյունքում, Թեղուտ գյուղի բնակիչը, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու դիտավորությամբ, Հաղարծին գյուղի երկու բնակիչների միջոցով կազմակերպել և ղեկավարել է բնության հատուկ պահպանվող տարածքում կոտրելու և արմատախիլ անելու միջոցով թվով 13 հատ հաճարենի տեսակի թաց կանգուն ծառերի՝ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասումը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 4.552.500 դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Երեք անձ, այդ թվում՝ «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter