HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հ2 հեռուստաընկերությունը դատարանում կրկին վիճարկում է ՀՌՀ որոշումը

Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը դարձյալ դատական կարգով վիճարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը՝ փորձելով մայրաքաղաքում սփռման իրավունք ստանալ:

2022թ. հոկտեմբերի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» որոշումով հաղթող է ճանաչել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը: 

Հ2-ը վարչական դատարանից պահանջում է վերացնել հանձնաժողովի որոշումը:

Հիշեցնենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին։ Նրանք համապատասխանաբար 55 և 78 միավոր են ստացել, հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությունը:

Նշենք, որ Հ2 հեռուստաընկերությունը 2021թ. հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի մրցույթում չէր հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին եւ կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց՝ լրատվական հեռուստաալիքին:

Ընկերությունը դատարանում վիճարկել էր Հանձնաժողովի որոշումը: Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Անվավեր էր ճանաչվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 15.01.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 14-Ա որոշումը:

Հանձնաժողովը Վճռաբեկ դատարանում բողոքարկել էր վերաքննիչ դատարանի որոշումը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել էր:

Հիմք ընդունելով վարչական դատարանի վճիռը՝ Հանձնաժողովը հայտարարել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ, որի արդյունքները Հ2 հեռուստաընկերությունը հիմա վիճարկում է դատարանում:

Ուշագրավն այն է, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:

Նախագծով սահմանվում է, որ եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումը, պատշաճ հիմնավորված և պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթով հեռարձակումը նույն պայմաններով, իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված հեռարձակողները՝ մինչև օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

Պատգամավորն իր օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախագիծն ընդունելու դեպքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև՝ նվազեցնել տնտեսվարողների գործունեության ֆինանսական  կորուստները՝ մինչեւ նոր մրցույթի կայացումը:

Գործող օրենքում որպես լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք չեն դիտարկվել դատական կարգով բողոքարկումների և հօգուտ վիճարկողի դատարանի որոշում ունենալու դեպքերը: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առկա է նախադեպ, երբ մեկ հեռարձակողի բողոքի հիման վրա դատարանն անվավեր է ճանաչել Կարգավորող պետական մարմնի՝ հեռարձակողներին լիցենզիա տալու մասին որոշումը, և հինգ հեռուստաընկերություններ չեն կարող օգտվել հաղթողի իրենց իրավունքից ու  իրականացնել հեռարձակումը, նախագծով սահմանվել է օրենքի հետադարձ ուժի կիրառման սկզբունքը»,-նշված է նախագծի հիմնավորումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter