Հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքը կտրամադրվի Հաշվեքննիչ պալատին
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում տարածել է գիտխորհրդի նիստի և աշխատակազմի ժողովի արձանագրության քաղվածքը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկով Ինստիտուտը այլ վայրում տեղակայելու վերաբերյալ։
«Ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ և աշխատակազմի ժողով, որոնք միաձայն և կտրականապես դեմ արտահայտվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկին` ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ք. Երևան, Չարենցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքը Հաշվեքննիչ պալատին ամրացնելու, իսկ ՊՈԱԿ-ը ք. Երևան, Ներսիսյան 25 հասցեում տեղակայելու վերաբերյալ:
Ելնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված դրույթներից` պետական գույքի արդյունավետ օգտագործման և ներդրումներ ապահովելու վերաբերյալ, ժողովն արձանագրեց, որ հակասություն չկա Պետական գույքի կառավարման կոմիտեի նամակում հղված՝ հիշյալ ծրագրի բովանդակության և Ինստիտուտի գործունեության միջև:
Ավելին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ միայն գերարդյունավետ է շահագործում իր պահանջները հազիվ բավարարող տարածքը, այլև տալիս է պատկառելի գիտական արտադրանք, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում առկա հրապարակումներով, նաև ակտիվ դեր է խաղում հանրային կարծիքի, ազգային ժամանակակից ինքնության ձևավորման և փորձագիտական ու խորհրդատվական կարծիքների տրամադրման գործընթացներում, ինչպես և օժտված է ներդրումային մեծ հնարավորություններով (իրականացնում է Եվրամիության և այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, արտասահմանյան խոշոր բյուջեով արշավախմբեր է ներգրավում երկրում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, բացառիկ՝ որոշ դեպքերում միակ աղբյուրն է Հայաստանում տուրիզմի զարգացման համար)»,- ասված է գրառման մեջ:
Լուսանկարը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել