HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թ․ երիտասարդական մայրաքաղաք

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (Կոտայքի մարզ) և Մեծամորը (Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի կազմկոմիտեն Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

«Մինչ գնահատականների հայտարարումը մրցույթի ամփոփման ընթացակարգը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Մրցույթի կազմկոմիտեի քարտուղար Վերոնիկա Խորասանյանն էլ ներկայացրել է հայտերի գնահատման և մրցույթի անցկացման ամբողջ գործընթացը: 

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Հոկտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման դիտարկվել  են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը կայացել է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկությունը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:

Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին,  երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:

Ըստ փորձագետների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա մրցույթում իրականացրել են բարդ ընտրություն: Նրանք ընդգծել են, որ թեկնածու քաղաքներ կատարած այցերը գնահատման գործում ավելի ծանրակշիռ և որոշիչ դեր են ունեցել, քան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Մեծամոր քաղաքի ներկայացուցչի խոսքով՝ իրենց քաղաքը մեծ հեռանկարներ ունի, և այս հաղթանակը նոր լիցք կհաղորդի քաղաքին: Ըստ նրա՝ այսօր Մեծամորում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և «Երիտասարդական մայրաքաղաք» կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին: Ծաղկաձոր քաղաքի ներկայացուցիչն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակմամբ աջակցելու, ծանոթանալու և համագործակցելու հաղթող քաղաքի՝ Մեծամորի երիտասարդական համայնքի հետ:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter