HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը 1 մլն դրամով տուգանել է «ԱԼՄԱՎ» ՍՊԸ-ին՝ տեխնիկական անվտանգության ռեեստրում չգրանցվելու և փորձաքննություն չանցնելու հիմքով

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը վերահսկողություն է իրականացրել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեում՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ վերահսկողության արդյունքում ՏՄ-ն պարզել է, որ նշյալ ՀԱԳ լցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), շահագործվում է առանց ԱՎՕ-ների ռեեստրում գրանցման և առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի այն պահանջները, որոնց համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն ԱՎՕ-ների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ Տեսչական մարմինը որոշում է կայացրել՝ վերոնշյալ հասցեում շահագործվող ՀԱԳ լցակայանի հետագա շահագործման դադարեցման և տնտեսավարողին պահանջ է ներկայացրել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համապատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։

Բացի այդ, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերությունը Տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) դրամ գումարի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter