HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ուղևորափոխադրող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնյան կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

«Հետքն» այս պատմությանն արդեն անդրադարձել է։

Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս.-ի հետ:

Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ.-ի և Գ. Ե.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք:

Արդյունքում, Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021թ. դեկտեմբերից 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:

03.11.2022թ.-ին Ա. Ս.-ն, Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

04.11.2022թ.-ին Ա. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter