HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դադարեցվել է Արմավիր-Երևան երթուղու սպասարկումը․ ինչ կապ ունի ՏԿԵ փոխնախարարը

Միկրոավտոբուսով Արմավիրից Երևան այսօր հնարավոր չի եղել հասնել,  քաղաքացիները ստիպված տաքսիներով են հասել մայրաքաղաք։ Բանն այն է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները որոշել են կանգնեցնել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները և դրանք տեղափոխել տուգանային հրապարակ։ Միայն օրվա ավարտին է փոխադրողը կարողացել մեքենաները հանել տուգանային հրապարակից։ 

Երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը «Հետք»-ին հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը, որպես հիմնավորում, ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությունը, որի համաձայն` ՍՊ ընկերությունը չունի Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու լիցենզիա։

Փոխադրող ընկերության տնօրենի պնդմամբ` ինքը դեռ ամիսներ առաջ է դիմել երթուղին սպասարկելու լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար, սակայն ՏԿԵ նախարարությունը իր դիմումներն անարձագանք է թողել։ Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նախարարության այդ կեցվածքը, «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց, որ նախարարությունը, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանն ամեն բան անում է, որ տպավորություն ստեղծվի, թե իբր Արմավիր-Երևան երթուղին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն չի կարողանում պատշաճ սպասարկել։ Ըստ փոխադրող ընկերության ղեկավարի` հատուկ է ընտրվել կիրակի օրը, որ փոխադրողը չկարողանա իր իրավունքները պատշաճ իրացնել։ Շուշանիկ Խաչատրյանի խոսքով` երթուղայինները ինքը հարկադրաբար այժմ երթուղի չի հանում, որպեսզի դրանք էլ չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Խաչատրյանը վստահեցրեց, որ փոխնախարարի գործունեության հետ կապված վաղը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Հակակոռուպցոին կոմիտե, քանի որ Ճանապարհային ոստիկանության միջոցով տարածքային կառավարման նախարարությունը խոչընդոտում է իր տնտեսական գործունեությանը։ 

Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում վարչական դատարանի՝ նոյեմբերի 24-ի սպասվելիք վճռին ընդառաջ։ Դատարանում վիճարկվում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը, որով չեղարկվել էին Արմավիրի միասնական երթուղու մրցույթի արդյունքները։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը կարծում է, որ դատարանում իրենց հայցը բավարարվելու է, և դա լավ հասկանում են նաև ՏԿԵ նախարարությունում, իսկ բավարարվելու դեպքում երթուղին այժմ սպասարկող ընկերությունն իրավունք կստանա սպասարկել արդեն ավելի մեծ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղին։ Միասնական երթուղու ցանցի սպասարկման իրավունքի համար պայքարում է նաև քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (hայտնի է «Նորագյուղցի Բոգո» անունով)։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանով չեղարկվել էր Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղու մրցույթը, որից հետո դատական գործընթաց է սկսվել։

Գլխավոր դատախազությունն էլ այս շաբաթ հաղորդեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, թե ինչպես են «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի աշխատակիցները կաշառել ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալին՝ Արմավիր-Երևան երթուղով ապօրինի ուղևորափոխադրում իրականացնելու համար։ Այդ գործով քրեական վարույթն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Գլխավոր լուսանկարում՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter