
Պաշտպանության նախարարությունը 430 միլիոն դրամով երկու ձնագնաց մեքենա է ձեռք բերել
Պաշտպանության նախարարությունը 430 միլիոն դրամով երկու ձնագնաց մեքենա է գնել «Երվադա» ՍՊԸ-ից։ Ընկերության և պաշտպանական գերատեսչության միջև գնման պայմանագիրը կնքվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին։ Պայմանագիրը տեղադրվել է պետական գնումների armeps.am համակարգում։
ՊՆ-ի ձեռք բերած ձնագնացները Prinoth Husky մակնիշի են։ Գնման պայմանագրի հավելվածի տեխնիկական բնութագրում նշված է, որ ձնագնացները պետք է կահավորված լինեն անձնակազմի տեղափոխման համար նախատեսված մոդուլով, որտեղ նստատեղերի քանակը պետք է լինի նվազագույնը 10։ Մոդուլը պետք է ունենա ներքին տաքացման համակարգ։
«Ձնագնաց մեքենան պետք է համալրված լինի առաջնասում տարբեր անկյան տակ կառավարվող ձնամաքրման շերեփով։ Մեքենայի թրթուրները պետք է ունենան կողային սահանքի արգելակիչներ, կառուցվածքը՝ ռետինե երկայնակի թրթուրաժապավեն, մետաղական կամ դյուրալյումինե թրթուրահոդերով»,- ասվում է տեխնիկական բնութագրում:
Պայմանագրի ժամանակացույցի համաձայն՝ ձնագնացները պետք է մատակարարվեն ոչ ուշ, քան 2022թ․ դեկտեմբերի 10-ը։
«Երվադա» ՍՊԸ-ն, որն էլ մատակարարելու է Prinoth Husky մակնիշի երկու ձնագնաց մեքենաները, հիմնադրվել է 2002 թվականին։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականտերն ու տնօրենը Հովհաննես Մխեյանն է։
Մեկնաբանել