82-ամյա կնոջ սպանության դեպքով ձերբակալվել է նրա 17-ամյա թոռը
ՀՀ քննչական կոմիտեում բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը: Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Վանաձոր քաղաքի բնակչի կողմից մոր դին հայտնաբերելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:05-ին:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տարեց կնոջ դին հայտնաբերել իր ննջարանի մահճակալին՝ աջ ձեռքի դաստակի կտրած-ծակած վնասվածքով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տարեց կնոջ հետ նույն բնակարանում բնակվող թոռը՝ ծնված 2004 թվականին. վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, ձերբակալվել և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել