HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն այսօր ամփոփվել են քայլերթով

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ իրազեկման մեկամսյա ակցիաներն այսօր ամփոփվել են քայլերթով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել ու ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։

Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ  հետազոտություններ։ Մամոգրաֆն այժմ  Սյունիքի մարզում է։

«Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։ Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել` թե քաղցկեղի ախտորոշմանը և թե բուժմանն ուղղված։ Նշենք, որ Հայաստանում 12592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում շուրջ 1300 նոր դեպք է հաստատվում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter