HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նենսի Փելոսիի ամուսնուն ծեծի են ենթարկել. կասկածյալը ծայրահեղական է

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ապաքինվում է այն վնասվածքներից, որոնք ստացել է մուրճով իր տուն ներխուժած տղամարդուց։ Ինչպես հայտնում է BBC-ն, կասկածյալը ծայրահեղական հայացքներ ուներ և հավատում էր դավադրության տեսություններին, սակայն նրա դրդապատճառները դեռևս լիովին պարզ չեն։

ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի խոսնակի 82-ամյա ամուսինը գանգուղեղային կոտրվածք և աջ ձեռքի վնասվածքներ է ստացել, սակայն ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի։

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Փելոսիների տանը տեղի ունեցածի մասին, որը գտնվում է Pacific Heights հեղինակավոր շրջանում: Ոստիկանության պետ Ուիլյամ Սքոթի խոսքով՝ կասկածյալը 42-ամյա Դեյվիդ Դեփեյփն է, որը շենք է ներխուժել հետևի դռնով՝ կոտրելով ապակին։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ տղամարդը բղավել է՝ «որտե՞ղ է Նենսին» և ժամանած ոստիկաններին ասել, որ «սպասում է Նենսիին»: Հարձակում գործած անձը փորձել է կապել Փոլ Փելոսիին, «մինչև Նենսին տուն հասնի», CBS NEWS-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։

Հարձակման սկզբում Փոլ Փելոսին հարձակվողին ասել է, որ պետք է գնա զուգարան, ապա բջջային հեռախոսով գաղտնի զանգահարել 911 և զանգը միացրած է թողել։ Ծառայության հեռախոսավարը կռահել է, թե ինչ է կատարվում և արագ դեպքի վայր է ուղարկել ոստիկանությանը։ Ժամանած ոստիկանները հայտնաբերել են Փելոսիին և հարձակում գործած անձին, որոնք փորձում էին միմյանցից խլել մուրճը։ Արդյունքում, Դեփեյփը խլել է մուրճը և հարձակվել Փելոսիի վրա։

Դեփեյփին զինաթափել են և կալանավորել, որից հետո երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Կասկածյալը ևս հիվանդանոցում է, սակայն ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ հայտնել նրա առողջական վիճակի մասին:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանապետի խոսքով՝ Դեփեյփին մեղադրանք է առաջադրվելու զենքով սպանության փորձի, բնակարանային գողության և այլ քրեական մեղադրանքների համար։

Նենսի Փելոսին հարձակման պահին եղել է Վաշինգտոնում։

Լուսանկարը՝ DOUG MILLS / THE NEW YORK TIMES

Պատրաստեց Վաղինակ Ասատրյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter