HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոյգուն Պուտինին զեկուցել է Ռուսաստանում մասնակի զորահավաք ավարտի մասին. BBC

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրում մասնակի զորահավաքի ավարտի մասին։ BBC-ն գրում է, որ այդ մասին, սակայն, ՌԴ նախագահի հրամանագիր դեռևս չկա։ Ռուսաստանի վարչական միավորներում, մինչդեռ, ծանուցումների ստացումը շարունակվում է։ 

«300 հազար հոգու վերաբերյալ Ձեր կողմից առաջադրված խնդիրն իրագործված է»,- Պուտինին զեկուցել է Շոյգուն։ Ներկայումս, ըստ ՌԴ ՊՆ նախարարի, 218.000 մարդ գտնվում է զորավարժարաններում և անցնում մարտական ​​պատրաստություն, ևս 82.000-ն արդեն ուղարկվել է ռազմական ​​գոտի։

Շոյգուի կողմից մասնակի զորահավաքի ավարտի մասին հայտարարությունը համապատասխանում է Պուտինի՝ ավելի վաղ արված հայտարարություններին։ «Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում զորահավաքային բոլոր աշխատանքները կավարտվեն»,- հոկտեմբերի 14-ին ասել էր Ռուսաստանի նախագահը։

Ըստ BBC-ի՝ Շոյգուն Պուտինին նաև ասել է, որ զորահավաքին կանչվածների միջին տարիքը 35 տարեկանն է, իսկ զորակոչվածների մատակարարման հետ կապված խնդիրները, որոնց մասին գրում էին լրատվամիջոցները և հետագայում իշխանություններն ընդունել էին, լուծված են։

Վլադիմիր Պուտինը, ի պատասխան, շնորհակալություն է հայտնել զորահավաքի շրջանակներում ռուսական բանակ զորակոչվածներին և նշել, որ սկզբնական փուլում դժվարություններն անխուսափելի էին։

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Ուկրաինայի հետ պատերազմի համար զորակոչվածներն ստիպված են իրենց համար գնել գրեթե ամեն ինչ՝ ներքնազգեստից ու կոշիկներից մինչև զրահաբաճկոններ և ջերմային պատկերիչներ։ 

Ռազմական փորձագետները, այդ թվում՝ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW), դա բացատրեցին նրանով, որ նոյեմբերի 1-ից Ռուսաստանում սկսվում է աշնանային զորակոչը, և զինկոմիսարիատները պարզապես չեն կարողանա զբաղվել ինչպես զորահավաքով, այնպես էլ զորակոչով։

Հոկտեմբերի 11-ին մարզային որոշ իշխանություններ սկսեցին հայտարարել իրենց տարածքներում զորահավաքի ենթադրյալ ավարտի մասին։ Մինչև ամսվա կեսերը, ըստ ԶԼՄ-ների հաշվարկների, զորահավաքային ծրագրի ավարտի մասին հայտնել էին 39 վարչական միավորներ։ 

Հոկտեմբերի 28-ի կեսօրին Սանկտ-Պետերբուրգում զորահավաքի ավարտի մասին հայտարարել էր նահանգապետ Բեգլովի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Դրանից անմիջապես հետո Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ զորահավաքը նախկինի պես շարունակվում է, քանի որ նահանգնապետն այն դադարեցնելու լիազորություն չունի։

Չնայած զորահավաքային ծրագրերի իրականացման մասին իշխանությունների հայտարարություններին՝ տարբեր շրջաններում ծանուցումների ստացման մասին հաղորդումները շարունակում են ստացվել։ Վերջին օրերին, օրինակ, Իվանովոյի բնակիչները բողոքել են զբոսայգիներում և առևտրի կենտրոններում մոբիլիզացիոն պարեկներից։

Ռիբինսկում տղամարդիկ բերման են ենթարկվում գործարանների անցակետերում, երբ նրանք վերադառնում են հերթափոխից։ Քաղաքապետը դա անվանում է «հարկադրված միջոց» և արդարանում նրանով, որ բնակիչները դռները չեն բացում զինկոմիսարիատների աշխատակիցների առաջ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Կարելիայում և Օրյոլում, որտեղ ծանուցումներ են տրվում նույնիսկ օտարերկրացիներին, փոխանցում է «Медиазона»-ն։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Պատրաստեց՝ Վաղինակ Ասատրյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter