Երևանը պետք է ներկայանալի դառնա զբոսաշրջության քարտեզի վրա
Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերության ղեկավար, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկիի հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրերի համար, Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:
Քաղաքապետը նշել է, որ Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվել և ներդրողների համար ապահովված է հարմարավետ ու բարենպաստ դաշտ:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մասնավորապես առանձնացրել է աղբահանության և տրանսպորտի բնագավառները: Քաղաքապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթ է հայտարարվելու և որպես գործընկեր գերմանական ընկերություններին առաջարկել է մասնակցել այդ մրցույթին:
Խոսելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերակառուցման հարցի շուրջ, Կարեն Կարապետյանը նշել է, որ գերմանական KfW բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորելու ծրագիրը և «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերությանը ևս առաջարկել է մասնակցել այդ ծրագրին: Կարևորելով «Էրեբունի» թանգարանի վերակառուցման անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը նշել, որ թանգարանն ունի 3000 ամյա պատմություն, պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում և խթան կարող է հանդիսանալ նաև զբոսաշրջության զարգացման հարցում. «Զբոսաշրջության քարտեզի վրա Երևանը պետք է ներկայանալի դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը, Գյունտեր Պիլարսկին նշել է, որ առաջիկայում իրենք ստեղծելու են հիմնադրամ և անպայման կդիտարկեն թանագարանի վերակառուցման ծրագրին իրենց մասնակցության հարցը: Տեղեկացնելով, որ այս տարի լրանում է հայ-գերմանական համագործակցության 20 տարին, վերջինս պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում ըստ ամենայնի աջակցել գերմանական ընկերությունների մասնակցությունը ներդրումային ծրագրերի հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել