
Աշտարակ-Էջմիածին ճանապարհի աղբավայրի մասին մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չէ
Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհը՝ Սասունիկ գյուղի մոտակայքում, վերածվել է աղբանոցի: Մեկ տարուց ավել է՝ շինարարական աղբ է կուտակվում ճանապարհի երկայնքով: Քաղաքացիները, այն համարելով նոր աղբավայր, լցնում են նաև կենցաղային աղբ, պլաստիկե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և այլն:
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղյակ չէր, որ մարզպետարանից մոտ 4 կմ հեռավորության վրա նոր աղբավայր է գոյացել: Պաշտոնյան «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Սասունիկ գյուղի մոտ օրինական աղբավայր կա, սակայն առաջին անգամ է լսում, որ ճանապարհի մերձակա տարածքը վերածվել է աղբավայրի:
«Կպարզենք, տեղյակ չեմ»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Վերահսկողության բացակայությունից օգտվելով՝ անհատները կամ կազմակերպությունները նույնիսկ ավտոմեքենայի ճանապարհ են հարթել՝ աղբավայր տանող: Շինարարական աղբը լցնում են ճանապարհից մոտ 20 մետր խորք՝ հողատարածքի մեջ:
Մինչ պատկան մարմինները «կպարզեն», թե չնախատեսված վայրում ինչպես է նոր աղբավայր գոյացել, թափառող շները սնունդի մնացորդներով լցված պոլիէթիլենային տոպրակները քարշ են տալիս ճանապարհի կենտրոնական հատվածներով:
Մեկնաբանել