
Արմավիրի քոլեջի դասախոսները երեկոյան բողոքի ակցիա են իրականացնում
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներն այս պահին գտնվում են քոլեջում: Տնօրեն Անգին Արշակյանը քոլեջի 16 աշխատակցի, այդ թվում՝ տնօրենի տեղակալին, խիստ նկատողություն է հայտարարել՝ անօրինական համարելով դասախոսների գործադուլը:
Արդեն 1,5 ամիս է՝ քոլեջում դասապրոցեսը կաթվածահար է եղել: Դասախոսները չեն պատրաստվում աշխատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հետ, սակայն վերջինս էլ չի ցանկանում լքել քոլեջը:
Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից հրապարակային բողոքի ակցիաներ են: Դասխոսները պահանջում են աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին:
Դասախոսական անձնակազմը նշում է, որ Արշակյանը չի կարողանում ղեկավարել քոլեջը, թույլ է տվել չարաշահումներ: Ոչ արդյունավետ ծախսումներ է իրականացրել:
Քոլեջի դասախոսները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց, քանի որ քոլեջը նախարարության ենթակայության ներքո է գերծում: Հանդիպել են նաև նախարար Վահրամ Դումանյանի հետ, սակայն՝ ապարդյուն:
Դասախոսները դեռևս սեպտեմբերի 1-ին գործադուլ հայտարարելու վերաբերյալ գրություն էին պատրաստել, որպեսզի անձամբ փոխանցեն քոլեջի տնօրենին: Սակայն վերջինս քոլեջի տարածքում չի եղել և դասախոսներն այն փոխանցել են տնօրենի օգնականին: Դասախոսները պարզել են, որ օգնականը դասախոսների գործադուլ հայտարարելու մասին գրությունը չի փոխանցել տնօրենին:
Նշենք, որ նկատողություն ստացած դասախոսները երկար տարիներ աշխատում են քոլեջում: Օրինակ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Մարգարյանը շուրջ 37 տարի աշխատում է քոլեջում:
Դասախոսները դեռ չեն որոշել' գիշերն անցկացնելու են քոլեջում, թե ակցիան շարունակելու են առավոտյան:
Մեկնաբանել