
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշումը կայացրեց նույն նստավայրի դատավորը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի: Քիչ առաջ նման որոշում կայացրեց նույն դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանը:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 17-ին բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ:
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավոր Ալեքսանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել ազատությունից:
«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)»,- ֆեյսբուքյան էջում գրառում է արել դատավոր Ալեքսանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը նաև նշել է, թե դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ն և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
«Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- ավելացրել է Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:
Մեկնաբանել