
Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
Այսօր ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել: Լուրը հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանը:
Գլխավոր դատախազությունից փաստաբանի անուն չեն հայտնում՝ գաղտնիությունից ելնելով, սակայն նշում են, որ «փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված «միջնորդության փաստական տվյալների հետ»:
Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով: Ըստ գլխավոր դատախազության, ստացվում է, որ նույն գործի շրջանակներում է մեղադրանք առաջադրվել փաստաբանին:
Հայտնի չէ, թե որ հոդվածով է փաստաբան Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվել:
Վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:
Մեկնաբանել