Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հայտնել են Ուկրաինայի պատերազմում մոբիլիզացվածների մահվան մասին
Չելյաբինսկի մարզային իշխանությունները հաստատել են Ուկրաինայում պատերազմի ուղարկված հինգ մարդու մահը։ Առաջին պաշտոնական հայտարարությունը ռազմաճակատում մոբիլիզացվածների մահվան մասին արվել է «մասնակի» մոբիլիզացիայի հայտարարությունից ընդամենը երեք շաբաթ անց։
«Ցավոք, զինկոմիսարիատը հաստատել է Կորկինոյի զինկոմիսարիատից մոբիլիզացված Հարավային Ուրալի հինգ նորակոչիկների մահվան մասին տեղեկությունը։ Մեր զոհված զինվորների ընտանիքներին և ընկերներին կտրամադրենք անհրաժեշտ ամենայն օգնություն»,- ասվում է մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դաշնային վճարումներից բացի, Չելյաբինսկի իշխանությունները հավելյալ մեկական միլիոն ռուբլի են խոստացել վճարել զոհերի հարազատներին։
Սեպտեմբերի վերջից ավելի քան 10 դեպք է հայտնի դարձել, երբ մոբիլիզացված ռուսները զոհվել են՝ մարտական գոտի չհասած։ Ռազմաճակատում մոբիլիզացվածների մահվան մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել այս շաբաթվա սկզբին, սակայն իշխանությունները դրանք չեն մեկնաբանել։
Երկուշաբթի օրը «Երեկոյան Կարպինսկ» հրատարակությունը (Սվերդլովսկի մարզ) հայտնել է Խերսոնի մերձակայքում Կարպինսկից մոբիլիզացված երեք բնակչի մահվան մասին։
«It's my city» հրատարակությունը գրել է Սվերդլովսկի շրջանի Կրասնոտուրինսկ քաղաքից Եվգենի Բիզյաևի մահվան մասին, ըստ տեղեկությունների՝ տղամարդը մոբիլիզացվել էր սեպտեմբերի 28-ին։
Սկզբում Եվգենիի հարազատները նրա մահվան մասին հաղորդագրություններ էին տեսնում սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ նրանց հակասական տեղեկություններ են տվել զինվորականի ճակատագրի մասին՝ սկզբում ասում էին, թե մահացել է, հետո՝ թե ողջ է, բայց վիրավոր։
Հինգշաբթի Բիզյաևի կինը սոցցանցերում գրել է, որ նա իսկապես մահացել է. «2022 թվականի հոկտեմբերի 10-ին Եվգենի Բիզյաևը՝ մեր սիրելի, բարի, համակրելի, մեր լավագույն և միակ, մեր սիրելի հայրիկը մահացել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ժամանակ առաջադրանքներ կատարելիս»։
Չորեքշաբթի երեկոյան իրավապաշտպան Պավել Չիկովը հայտնել է, որ մոբիլիզացված առաջին ռուս փաստաբանն է մահացել Ուկրաինայում՝ սանկտպետերբուրգցի Անդրեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով՝ փաստաբանը մոբիլիզացվել է սեպտեմբերի 25-ին և մահացել Լիսիչանսկի մոտ։ Սանկտ Պետերբուրգի Նևայի փաստաբանների ասոցիացիայի ղեկավարին հղումով «Իրավաբանական փողոց» հրատարակությունը հայտնել է, որ Նիկիֆորովը մարտական փորձ է ունեցել` մասնակցել է Չեչենական երկրորդ պատերազմին։
Մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան հանգամանքներն անհայտ են։ Սեպտեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն խոստացել էր առաջնագիծ չուղարկել չպատրաստված զինվորներին։
Թե ինչու են մոբիլիզացվածներն այդքան արագ հայտնվում ռազմաճակատում, BBC-ի խմբագիր Իլյա Աբիշևն այն մասին,ասել է. «Պահեստազորային զինծառայողներին անմիջապես մարտական գոտի ուղարկելու հիմնական պատճառները երկուսն են։ Ուկրաինայում կռվող ռուսական զորքերն անձնակազմի սուր պակաս են զգում, ինչը պայմանավորված է ինչպես ռազմաճակատում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու համար մարդկանց սկզբնական անբավարար քանակով, այնպես էլ կրած կորուստներով՝ սպանվածներ, վիրավորներ, հիվանդներ, գերիներ և մերժողներ։
Այն պայմաններում, երբ շատ ստորաբաժանումների համալրումը հեռու է ստանդարտից, և ուկրաինական բանակն ունի նախաձեռնություն, ռուսական հրամանատարությունը հաճախ ժամանակ չի ունենում պահեստազորայիններին պատրաստելու համար։
Մեկ այլ պատճառ, թե ինչու են նախկին «պահեստայինները» հայտնվում առաջնագծում առանց վերապատրաստման, թույլ ուսումնական բազան է, որը նախատեսված չէ մոբիլիզացվածների նման զանգվածի միաժամանակյա մարզման համար։ Սոցիալական ցանցերում կարող եք գտնել բազմաթիվ տեսանյութեր, որտեղ զինվորական ծառայության զորակոչվածները բողոքում են վատ պայմաններից` սպաների, հրահանգիչների բացակայությունից, սովորական մարտական պատրաստության փոխարեն անիմաստ կազմավորումներից և շարային քայլերից։
Ուսումնասիրելով մոբիլիզացվածների, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից արդեն գերի ընկածների տվյալները, կարող ենք եզրակացնել, որ մարտական, բայց ոչ ամենաբարդ ռազմական փորձով զինվորներն անմիջապես ուղարկվում են առաջնագիծ։ Նրանք կարող են լինել ինչպես մոտոհրաձգայիններ, այնպես էլ դեսանտայիններ, սահմանապահներ, ծովային հետևակներ և ռազմական այլ ճյուղերի ներկայացուցիչներ։
Օրինակ, եթե զինվորական գրքույկ ունեցող անձը ունի ВУС 124259 (զինվորական հաշվառման մասնագիտություն) կամ 101627 նշանը, ապա մեծ հավանականություն կա, որ ռուսական հրամանատարությունը կհամարի, որ նման զինվորը լրացուցիչ պատրաստության և սարքավորումների կարիք չունի: Ոչ տեխնիկան, ոչ զենքերը ռեզերվում եղած տարիների ընթացքում չեն փոխվել, և եթե ինչ-որ բան մոռացել է, ապա տեղում արագ կհիշի։
Սակայն իրական մարտական իրավիճակում անհատ զինծառայողի հմտությունները միշտ չէ, որ որոշիչ դեր են խաղում։ Շատ ավելի կարևոր է ստորաբաժանումների մարտական համախմբվածությունը, փոխգործակցության կազմակերպումը, միմյանց հիանալի հասկանալու կարողությունը։ Շատ կարևոր է տեղանքի լավ իմացությունը, ուժերի հավասարակշռությունը, կոնկրետ պայմաններում մարտական գործողությունների բնութագրերը, սեփական և հակառակորդի հնարավորությունները և շատ ավելին։ Կռվողի ոչ մի անձնական որակ չի կարող փոխարինել այս գիտելիքներին, իսկ պատերազմում սովորելու համար շատ ուշ է»։
Նյութը՝ ըստ BBC-ի ռուսական ծառայության
Պատրաստեց Վաղինակ Ասատրյանը
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել