HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը Սյունիքում ծանոթացել է պետական բյուջեով կատարված ճանապարհաշինական աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք լուծելու համար։

Փոխվարչապետը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։ 

Փոխվարչապետը, մասնավորապես, ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածի (Սիսիանի խաչմերուկ) հիմնանորոգմանը, Լծեն-Տաթև 19.9կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքին, եղել է Տաթև-Աղվանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում, հետևել է Կապան–Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն 7.5կմ շրջանցիկ հատվածի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան տանող և Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներին։

Կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ փոխվարչապետը շինարարական տեղամասերում հանդիպել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կարևորելով շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։

Այցի շրջանակներում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված՝ Կապան քաղաքի Ա․ Մանուկյանի արձանի և Կապան-Մոլի միջանկյալ հատվածի, ինչպես նաև Ա․ Մանուկյան և Թումանյան փողոցների շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներին։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ը, որի հիմնանորոգման աշխատանքները ևս ավարտվել են։

Համբարձում Մաթևոսյանը հետևել է նաև Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգման և հենապատերի վերանորոգման ընթացող աշխատանքներին, որոնք ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետության համաֆինանսավորմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter