HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա նշել է, որ այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում։

«Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։

Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարևոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը և անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։

Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել և աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ և վստահ քայլերով գնում ենք առաջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ և կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։

Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին և պարոն Սամսոնյանին՝ այս բարդ և պատասխանատու գործում։

Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետևյալը. «Ուզում եմ նաև կարևորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում  և համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի և կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա»։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու և համատեղ աշխատանքի համար։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։  Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս տուն-քաղաքն է»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter