HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը և Գոհար Մալումյանը:

Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը և այլք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը, որն ավելի վաղ երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական և վերադարձվել խմբագրման։

Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախօրեին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագիրը», որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ։

Նա շեշտել է, որ ծրագրից բխող գործողությունների պլանում ամրագրված է նաև ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը։ Նախագծի հիմնական նպատակը, ըստ փոխնախարարի, բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացումն է և արդիականացումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։

Ըստ փոխնախարարի՝ նոր կրթական ծրագրերը կամ առկա ծրագրերի բարելավումը պետք է բխեն գիտակրթական հանրույթի շահերից և համահունչ լինեն Կրթության ռազմավարության ու ակադեմիական քաղաքի հայեցակարգի սկզբունքներին։

Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանն իր հերթին նշել է, որ երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն՝ պարզելու, թե ճշգրիտ գիտությունների որ ուղղությամբ Հայաստանն ունի կարողություններ, որոնք կարելի է զարգացնել և երկրի համար դարձնել եկամտաբեր ու արդյունավետ։

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթության այն ուղղությունների գծով, որոնք ազդեցություն կունենան գիտության զարգացման և առևտրայնացման վրա։ Իֆեյինվա Օնուգանը վստահեցրել է, որ դա առաջնային նշանակություն ունի Համաշխարհային բանկի համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Համաշխարհային բանկը կմշակի համապատասխան առաջարկներ և կներկայացնի դրանք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի Կրթության ռազմավարությանը համապատասխան առաջնահերթությունների սահմանում, որոնք կքննարկվեն հետագա հանդիպումների ընթացքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter