
Հայաստանի հավաքականը նահանջել է ու հիմա 93-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը, որում Հայաստանի հավաքականն օգոստոսյան ցուցակի համեմատ նահանջել է 1 տեղ ու հիմա 93-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը Ազգերի լիգայի խաղարկությունում նախ Երեւանում 0-5 հաշվով պարտվեց Ուկրաինային, իսկ հետո 2-3 հաշվով Դուբլինում զիջեց Իռլանդիային: Այս պահին մեր հավաքականն ունի 1234 հաշվարկային միավոր, ինչն 8-ով քիչ է օգոստոսյան ցուցանիշից:
211 ընտրանուց կազմված համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Դանիան։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 27-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 33-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 78-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 20-րդն է, Թուրքիան 45-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 78-րդը, իսկ Ադրբեջանը՝ 123-րդը։
Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել