
550 դրամանոց արդարադատության «զոհը». մեկ շիշ սպիրտի «կողոպուտի» գործով ամբաստանյալը մահացել է
Ռաֆիկ Բաղդասարյանը, ով մեղադրվում է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին 550 դրամ գույքային վնաս պատճառելու համար, մահացել է, սակայն նրա գործով նոյեմբերի 21-ին դատական նիստ է նշանակվել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռաֆիկ Բաղդասարյանին վերաբերող երկու քրեական գործ: Դատարանը Ռաֆիկի մահից հետո, դատախազի միջնորդությամբ, որոշել է միացնել երկու քրեական գործերը մեկ վարույթի ներքո և դատական նիստ նշանակել նոյեմբերի 21-ին:
«Հետք»-ն արդեն անդրադարձել էր, որ ըստ մեղադրանքի՝ Ռ. Բաղդասարյանը 2021թ. մայիսի 04-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Էջմիածին քաղաքի «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն: Դեղատան աշխատակցին խնդրել է իրեն տալ 250մլգ տարողությամբ 550 դրամ արժողությամբ, բժշկական սպիրտ՝ հետագայում գումարը վճարելու պայմանով:
Դեղատան աշխատակցից մերժում ստանալով՝ անցել է հաճախորդների սպասարկման ցուցափեղկի հետնամաս ու այնտեղից վերցնելով իրեն փոխանցելու համար նախապես դրված սպիրտով լի տարան՝ դիմել է փախուստի:
«Այդ կերպ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատճառվել է 550 ՀՀ դրամի գույքային վնաս»,-նշված է մեղադրական եզրակացությունում։ 36-ամյա Ռ. Բաղդասարյանը մեղադրվում է կողոպուտի՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար (2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մաս)։
- Հետախուզում և նոր քրեական գործ է հարուցվել մեկ շիշ բժշկական սպիրտ կողոպտելու մեջ մեղադրվողի նկատմամբ
Մյուս քրեական գործը հարցուցվել էր ավելի ուշ: Ռաֆիկն այս անգամ մեղադրվում էր պետական սահմանն ապօրինի հատելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք հոդված 329-ի 1-ին մաս) մասնավորապես, վերջինիս վերաբերյալ կատարված ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) հարցմանն ի պատասխան, 28.10.2021թ. ստացված գրությամբ պարզվել էր, որ Ռաֆիկ Բաղդասարյանը 2019թ. մայիսի 12-ին ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է Հայաստանի պետական սահմանը և մինչ 21.10.2021թ-ը չի վերադարձել: Այսինքն, ըստ մեղադրանքի` նշված ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության` չպարզված հանգամանքներում, ժամանակահատվածում և վայրով, ապօրինի հատել է պետական սահմանը` մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք: Որպես Հայաստանում գտնվելու ապացույց, մատնանշվել էր «սպիրտի գործը»:
«Քրոջս մահից հետո իմ կյանքը փոխվեց: Ես էլ չհասկացա, թե խմիչքն ինձ ոնց կուլ տվեց: Հիմա ես չեմ ապրում, միայն շնչում եմ: Գիտեմ, ես եմ մեղավոր, թույլ էի, չպայքարեցի ու հիմա կործանվում եմ իմ մեղքով»,-հազիվ լսելի ձայնով ասում էր Ռաֆիկը:
Ռաֆիկը հաշվառված էր Էջմիածին քաղաքի տներից մեկում, սակայն չուներ մշտական բնակության վայր: Նա չուներ տուն, որևէ այլ կացարան: Ռաֆիկին գտել էինք քաղաքի «Խաշի թաղ» կոչվող թաղամասի սննդի օբյեկտներից մեկի սենյակում պառկած:
Հայաստանում Ռաֆիկը մերձավոր ազգականներ չուներ: Ուկրաինայում են գտնվում նրա կինն ու երեխաները: Չէր կարողանում նրանց մոտ վերադառնալ: Երեխաներն էլ չեն կարող Հայաստան գալ, քանի որ այստեղ ապրելու տեղ չունեն:
Ռաֆիկ Բաղդասարյանը պատմեց, որ տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ երկու տարի առաջ հիվանդությունից մահացել է նաև 19-ամյա քույրը:
Անկողնում պառկած տղամարդը շատ նիհար էր, հյուծված տեսք ուներ, հազիվ էր տեղաշարժվում ու խոսում: Մեզ պատմել էր, որ լյարդը, թոքերը հիվանդ են, այլևս չի կարողանում տեղաշարժվել: Էջմիածնի հիվանդանոցից ևս հաստատել էին, որ մի շարք բարդ ու դժվար բուժվող հիվանդություններ ունի Ռաֆիկը: Լյարդի չափերը 8 սմ մեծացած են, իմունային համակարգը՝ գրեթե քայքայված է և այլն:
Վիճակի կտրուկ վատացման պատճառով երկու անգամ, մի քանի օրով (որից մեկը հենց Ռաֆիկի հետ հանդիպման օրը, «Հետք»-ի թղթակիցն է շտապօգնություն հրավիրել) պառկել է Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Սակայն այնտեղ 2-3 օր մնալուց հետո դուրս են գրել՝ պատճառաբանելով, թե իրենց հիվանդը չէ, պետք է մասնագիտացված բուժհաստատությունում բուժումը շարունակի:
Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը ևս փաստել էր, որ Ռաֆիկի վիճակը կարող են շատ թե քիչ կայունացնել, սակայն բուժման համար մասնագիտացված հիվանդանոց պետք է գնալ:
Տղամարդը կորցրել էր անձը հաստատող փաստաթղթերը և մտածում էր, որ հիվանդանոցները հենց այդ պատճառով են իրեն մերժում, քանի որ չեն կարողանա պետպատվեր ձևակերպել: Սակայն, պատկան մարմինները զբաղված էին ոչ թե Ռաֆիկի բուժման հարցերը կարգավորելով, այլ նրան 550 դրամ վնաս պատճառելու համար դատապարտելով:
Մեկնաբանել