HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոբացիոն ծառայությունը չի լուծում դատապարտյալների վերաինտեգրման հարցը

Մոտ երկու ամիս առաջ կալանքից վաղաժամկետ ազատված Հայկ Կարապետյանին (անունը փոխված է) ոստիկանությունը դեռ շարունակում է հետապնդել․օրեր առաջ էր՝ հերթական անգամ ոստիկանության բաժին էին տարել։ Հայկը, սակայն, չի հուսահատվում, ասում է ՝ գիտեի, որ այսպես է լինելու, կանցնի։

Կալանքից մեկուկես տարի անց Հայկը պահման փակ ռեժիմից տեղափոխվեց բաց ռեժիմ։ Փակ ռեժիմի մասին դժվար է խոում, ասում է՝ այն ստիպում է վերապրել զգացածը․ «Պատեր էին ու մտքերդ․շատ էի մտածում, մտքերիցս՝ գժվում»։

Բանտից քաղաքացիական կյանք վերադարձը հեշտ ստացվեց։ Մի քանիսը հանցագործ կանվանեն, ոստիկանների հետ առաջիկայում խնդիրներ կունենա, բայց «ոչինչ, անցողիկ է»։

Իսկ Տիգրան Սարգսյանի (անունը փոխված է) համար ամենադժվարը բանտից հետո վերաինտեգրվելն էր։ Ասում է՝ մարդկանց տրամադրությունը փոխվում էր, սկսում էին կասկածանքով նայել, երբ իմանում էին՝ իրենց դիմաց նախկինում դատապարտված անձ է․ «Ամեն տեղ քեզ հիշեցնում են, որ դու նախկին դատապարտյալ ես։ Դա պատահում էր, օրինակ, բանկերում, որտեղ ծրագրում երևում էր հաշվառումը՝ քրեակատարողական հիմնարկ»։ 

Որպեսզի բանտարկյալները հեշտությամբ վերաինտեգրվեն և կրկնահանցագործությունների թիվը կրճատվի, Հայաստանի իշխանությունները որոշեցին քրեական արդարադատությունից անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Վերականգնողական արդարադատության ինստիտուտը՝ Պրոբացիոն ծառայությունը, ներդրվեց 2016 թվականին։ Դատապարտվածների վերաինտեգրման և վերասոցիալականացման նպատակով Պրոբացիոն ծառայությունն իրականացնում է սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, մշակութային, կրթական միջոցառումներ։ 

Պրոբացիայի ծառայողը քրեակատարողական հիմնարկից դուրս եկած դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատում է կատարում, որի հիման վրա նրան ուղղորդում է տարբեր պետական և ոչ պետական կառույցներ՝ անհրաժեշտ աջակցություն ստանալու։

ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գեւորգ Սիմոնյանը նշում է՝ քանի որ ինստիտուտը նոր է ներդրվել, այլ ինստիտուտների հետ ինտեգրման խնդիր կա, որը ժամանակատար և շարունակական գործընթաց է։

Բանտարկյալների խնդիրներով զբաղվող «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը նկատում է՝ Պրոբացիոն ծառայության դասընթացները, իհարկե, դրական են, որովհետև անձինք նախ սովորում են հաղորդակցվել իրար հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել, սովորել մի հմտություն, որը, օրինակ, տվյալ պահին չեն օգտագործելու, բայց հետագայում օգտակար է լինելու, սակայն բանտից դուրս գալով՝ քաղաքացին առաջինը փաստաթղթերի ձեռքբերման աջակցության կարիք ունի։

«Անձը գրանցված է պրոբացիայում՝ որպես շահառու, բայց ուզում է վարորդական իրավունքը թարմացնի կամ նորը ձեռք բերի՝ վարորդ աշխատելու նպատակով։ Դրա համար պետք է որոշ վճարումներ կատարել, իսկ անձը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի։ Ընդունենք՝ նա պրոբացիայում մասնակցում է վարսահարդարման դասընթացի, այս խնդրի դեպքում չենք կարող գնահատել՝ դասընթացը դրակա՞ն կազդի, թե բացասական»,- ասում է նա։

Տիգրանի խոսքով՝ խնդիրներ են առաջանում նաև աշխատանքի ընդունվելիս․գործատուները դժվարությամբ են վստահում նախկինում դատապարտված անձանց։

Պրոբացիայի ծառայության Երեւանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն էլ է ընդունում՝ իրենց շահառուների համար հատկապես բարդ է աշխատանք գտնելը․ «Նախկին դատապարտյալների վերաբերյալ պետական մոտեցումը կուզեի, որ փոխվի, օրինակ՝ հարկային նվազում (արտոնություն-հեղ.) լինի, որ գործատուները շահագրգռված լինեն իրենց էլ աշխատանքի ընդունել»։

Պրոբացիայի ծառայության տվյալների համաձայն՝ 2020 թվականին 49 շահառու է աշխատանք գտել, 2021 թվականին՝ 57, այս տարվա առաջին կիսամյակում՝ 19-ը, իսկ շահառուների թիվը մոտ 5000 է։ 

Իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանն ասում է՝ խնդիրը լուծելու համար կարևոր են պրոբացիայի շահառուների կոմպետենցիաները և աշխատանքի հանդեպ վերաբերմունքը․ ունե՞ն մասնագիտական կրթություն և փորձառություն, հմտություններ՝ շփվելու, հաղորդակցվելու։

«Շատերը քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ու այն մտայնությամբ են դուրս գալիս բանտից, որ, օրինակ, «լավ տղան» չի աշխատում, որովհետև բանտում սովորաբար հասանելի են սպասարկման բարդ աշխատանքներ, որոնք իրենց բարձր դասի համարող դատապարտյաները չեն անում։ Այդ մարդիկ դուրս են գալիս տվյալ վերաբերմունքով, ու իրենց աշխատաշուկա բերելը բավականին դժվար է»,- ասում է նա։

Խնդիրը չի սահմանափակվում միայն շահառուներով։ Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ իրավապաշտպանի, գործատուների վերաբերմունքն է, այսինքն՝ գործատուն որքանո՞վ է պատրաստ իր աշխատողների շարքերում ընդունել անձի, ով ունի քրեական անցյալ։

«Շատերը չեն ուզում իրենց վստահությունը կորցնել հանրության շրջանում․ պատկերացրեք՝ մտնում եք վարսավիրանոց ու ձեզ ասում են, որ աշխատողներից մեկը նախկին դատապարտյալ է կամ պրոբացիայի շահառու։ Պրոբացիայի դեպքում, քանի որ պատիժը կրվում է նաև ազատության մեջ, դեպքեր կան, երբ ընտանիքից թաքցնում են իրենց՝ քրեորեն պատժելի արարք կատարելու փաստը, և բացահայտվելու դեպքում կորցնում թե՛ ընտանիքը, թե՛ աշխատանքը»,- ասում է Նարե Հովհաննիսյանը։

Տարիներ առաջ «Արտ լանչ» ընկերությունը քրեակատարողական երկու հիմնարկում դատապարտյալների համար խոհարարական դասընթացներ անցկացրեց, որի նպատակը նրանց աշխատանք գտնելու հնարավորություն տալն էր։ Ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը ռեստորանների սեփականատերերին կոչ արեց աշխատանքի ընդունել այն նախկին դատապարտյալներին, ովքեր կներկայանան «Արտ լանչ»-ի խոհարարի հավաստագրով։ «Առանց վարանելու ընդունեք աշխատանքի, տվեք մարդկանց շանս՝ ազնիվ ապրելու»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Բակուր Մելքոնյանն ասում է՝ նախաձեռնությունն արդյունավետ էր այնքանով, որ դատապարտյալների ոգևորվածությունը շատ մեծ էր․ իրականում նրանք սովորում էին։

«Երբ մեզ առաջարկեցին ծրագրին մասնակցել, մտածում էինք՝ իրենց մոտ ցանկություն չի լինի, և նույնիսկ առաջարկել էինք, որ կանանց գաղութում դա լինի միայն, այն էլ հակառակը եղավ, կանանց գաղութից մեկ-երկու հոգի մասնակցեցին, բայց մյուս գաղութներից ավելի շատ ցանկացողներ եղան, քան ծրագիրն էր թույլ տալիս»,-ասում է Բակուր Մելքոնյանը։

Խնդիրները շատ խորն են, և մի քանի ծրագիր իրականացնելով՝ հասարակության կարծրատիպերը դժվար թե կոտրվեն, նշում են իրավապաշտպանները։ Դատապարտյալների  վերաինտեգրման պետական ծառայությունում չեն թաքցնում՝ իրենց միջոցները սահմանափակ են։ Ինչպես այս դասընթացի դեպքում, այնպես էլ հիմնական վերասոցիալականացումը ծառայությունն իրականացնում է հասարակական, միջազգային, պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հասարակության կողմից մերժվող նախկին դատապարտյալները, ըստ մասնագետների, հակված են կրկնահանցագործությունների։ Պրոբացիայի ծառայության տվյալով՝ կրկնահանցագործություն կատարած անձանց տարիքը տատանվում է 30-46-ի միջակայքում։ Հիմնական պատճառներն են՝ կրթությունը, ընտանեկան դրությունը, տարիքը, հակասոցիալական անձնային գծերը և զբաղվածությունը։

Այդուհանդերձ, Պրոբացիայի ծառայությունից հայտնում են՝ կրկնահանցագործությունների թիվը Հայաստանում դանդաղորեն նվազում է։ 2021 թվականի ընթացքում պրոբացիայի ծառայությունում պատիժներով և վերահսկողությամբ հաշվառված 4874 անձից կրկնահանցագործություն կատարել է 36-ը, որը կազմում է հաշվառված շահառուների 0,7%-ը, իսկ 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հաշվառված 4667 անձից՝ 24-ը, այսինքն՝ հաշվառվածների 0,5%-ը։

ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մեր հարցմանն ի պատասխան նշում է՝ պրոբացիայի ծառայության խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է աշխատակազմում ստացված անհատական բողոքների մակարդակում։ Կոնկրետ խնդիրների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին գրություններ են հասցեագրվում՝ պարզաբանումներ պահանջելու և խնդրին լուծում տալու պահանջով։

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման այցեր իրականացնում է ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ ՔԿՀ-ներ, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցներով առաջարկություններ է ներկայացնում ոլորտի և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման ուղղությամբ։ 

Այս ամենի ֆոնին նախկին բանտարկյալներից շատերը հիմնականում խուսափում են խոսել իրենց խնդիրներից, քանի որ իրենց փոքր համայնքներում ճանաչելի են։ Եվ պատիժը կրելուց հետո հաճախ իրենց համայնքի կողմից չեն ընդունվում։ Հիմնականում փոխում են համայնքը, բնակության վայրը՝ փորձելով գտնել նոր միջավայր, որտեղ իրենց չեն ճանաչի։

Տիգրանն ասում է՝ եթե ոմանք կարողանում են պայքարել, կամքի ուժ դրսևորել, շատերը երբեմն հոգնում են և նախընտրում բանտ վերադառնալ։

Քնարիկ Վարդանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ                                 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter