HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատագրական շարժման կարևոր պտուղներից էր Արցախի թեմի վերաբացումը 33 տարի առաջ. թեմակալ առաջնորդի ուղերձը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորանքի խոսք է հղել Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սիրելի հավատավոր զավակներ

Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը:

Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքարի և հոգևոր հիմնասյունը մեր արդար պահանջի: Հայոց Աղվանից Կաթողիկոսության պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանին, ակտիվորեն և եռանդուն կերպով լծվեց Արցախի հոգևոր վերազարթոնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակավ…» (Մատթ. 9.37-38), և խորհրդային հասարակարգի գործած հոգևոր ավերից հետո, շնորհիվ թվաքանակով քիչ, բայց նվիրյալ հոգևորականների, Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը և ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնեացման համար: Հայոց Արցախ աշխարհը քրիստոնեական աշխարհի ամենահին օջախներից է, որտեղ դրոշմված են բազում երանելի սրբերի անուններ:

Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք:

Մեր ժողովրդի հետ համաքայլ անցնելով Արցախի ազատագրման, անկախության և պատերազմների դժվարին ճանապարհով, Արցախի թեմը այսօր էլ շարունակում է անշեղ քայլերով գնալ առաջ՝ Քրիստոսի կենարար խոսքով դաստիարակելով, մխիթարելով և գոտեպնդելով մեր ժողովրդին:

Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից հետո դառնա հարության և հարատևման խորհրդանիշ և ազդակ, և վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter