Նկարչի արհեստանոցից գողացել են 350 կտավ ու հնաոճ իրեր. ոստիկանություն
Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ:
«Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս է եղել: Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:
Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ:
Ուսումնասիրվել է նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց:
Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը:
Ահազանգից վեց օր անց, սեպտեմբերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ:
Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել