Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ էվա Դվորժակովան:
Ըստ ԱԳՆ-ի՝ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։
«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։ Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Արա Մարգարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել