HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Սեպտեմբերի 23-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով 2022-2025թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, որի տարածած մամուլի հաղորդագրությունը՝ ստորեւ։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, իսկ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից՝ գրասենյակի գործառնական դեպարտամենտի տնօրեն Միվա Կատոն:

Իր խոսքում դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս երկու կողմերի միջև առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել և ամրապնդել Հայաստանի ձեռքբերումները՝ գրասենյակի մանդատի շրջանակներում առկա մարտահրավերները հասցեագրելու գործում: Նա նշեց նաև, որ ճանապարհային քարտեզը նաև կնպաստի հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը, և այս առումով կարևորեց UNODC-ի քարտուղարության հետ ձևավորված համագործակցությունը:

Միվա Կատոն իր հերթին շեշտեց, որ ճանապարհային քարտեզի ստորագրումը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, և նշեց UNODC-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

2022-2025թթ. Համագործակցության ճանապարհային քարտեզը արտացոլում է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները, ինչպես նաև համահունչ է UNODC-ի 2021-2025թթ. ռազմավարությանը:

Այն նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կողմերը զարգացնելու են իրենց համագործակցությունը նաև հանցավորությունների կանխարգելման և քրեական արդարադատության ուղղություններով: Ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացը գնահատելու, մշտադիտարկելու և արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու նպատակով ստեղծվելու է ծրագրերի կիրարկման գնահատման համատեղ մեխանիզմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter