HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի բազմագործառութային պետական քոլեջում կստեղծվի տեխնոլոգիական ուսուցման կենտրոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով  «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի բազայի վրա նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն (ՏՈՒԿ):  

ԿԳՄՍ նախաարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի նախագահ Գրեգուար Ատամյանը:

Արարողությանը ներկա է եղել նաև Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի տնօրեն Հագոպ Աժամյանը:

«Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի ստեղծումը կարևոր քայլերից է կրթական համակարգի զարգացման համար: Կարևորելով նմանօրինակ համագործակցությունները` նա հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և կնպաստեն ՀՀ-ում կրթության զարգացմանը:

«Նոր ստեղծված Տեխնոլոգիական կրթության և ուսուցման կենտրոնը հագեցած կլինի տեխնոլոգիական ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով, հիմնված կլինի էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ավտոմատացման վրա, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն ռոբոտատեխնիկայի զարգացմանը:

Վստահ եմ, որ ՏՈՒԿ-ի գործունեությամբ Սևանում կձևավորվի ռեսուրս-կենտրոն, որի հնարավորություններից կարող են օգտվել նաև այս ոլորտում կրթություն իրականացնող մյուս ուսումնական հաստատությունները: Մենք կանենք հնարավորը՝ այս համագործակցությունն ամուր հիմքերի վրա դնելու համար: Ես եղել եմ Սևանում և ծանոթացել եմ կենտրոնի դասախոսական կազմի հետ, նկատել եմ անձնակազմի ոգևորությունը և նվիրվածությունը»,- նշել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ կրթական նոր ծրագրի շնորհիվ տեխնոլոգիական կրթության և ուսուցման համակարգը կամրապնդվի մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

«Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի նախագահ Գրեգուար Ատամյանը փաստել է, որ ավելի քան 15 տարի է, ինչ ՀՀ-ում իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր. «Մեր համագործակցության սկզբնական շրջանում մենք պատկերացրել ենք, որ Հայաստանին պետք է տրամադրենք միայն հումանիտար օգնություն: Սակայն պետք է նշեմ, որ այս հանդիպմանը ներկա Հագոպ Աժամյանի շնորհիվ մենք որոշել ենք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի օրինակով ներդնել տեխնոլոգիական ուսուցումը: Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիական ուսուցումը Ֆրանսիայում արագ է զարգանում, և մենք ցանկանում ենք մեր փորձն առայժմ փոխանցել Սևանի տեխնոլոգիական ուսուցման կենտրոնին՝ հետագայում այն տարածելով ողջ Հայաստանում»:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ֆրանսիական մոդելով մոդուլային ուսուցման փորձարկում, մշակել ուսումնամեթոդական և դիդակտիկ նյութեր, վերապատրաստել ադմինիստրատիվ և մանկավարժական կազմին, այդ թվում՝ նաև ներգրավել օտարերկրյա փորձագետների՝ համատեղ աշխատանքները կազմակերպելու համար։

Ծրագրի մեկնարկը կտրվի «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter