HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Ուկրաինա․ թիմերը կհանդիպեն 10-րդ անգամ

Այսօր՝ 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկության Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են «B» լիգայի առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Շոտլանդիան ու Իռլանդիան։ 4 տուրից հետո խմբի առաջատարը 9 միավորով շոտլանդացիներն են, 7 միավոր ունեն ուկրաինացիները, իռլանդացիները վաստակել են 4, իսկ մեր թիմը՝ 3 միավոր։

ՀՖՖ-ն արդեն հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակն այսօրվա խաղի համար։

Ինչպես հայտնի է, թիմի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանն ու առանցքային խաղացողներից կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց են թողնելու հանդիպումը որակազրկման պատճառով, սակայն նրանք հնարավորություն կունենան մասնակցել Իռլանդիա-Հայաստան խաղին։

Հայտնի է նաեւ, որ մեր թիմը հանդես կգա իր տնային կարմիր մարզաշապիկով, իսկ ուկրաինացիները՝ իրենց ավանդական դեղին մարզահագուստով։

Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարը Ժոաո Պինեյրոն է, նրա օգնականներն են Բրունո Ժեզուսը եւ Լուսիանո Մայան, 4-րդ պաշտոնյան Անդրե Նարսիսոն է։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն, VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգեն (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակը (Սլովակիա)։

Հայ-ուկրաինական ֆուտբոլային դիմակայությունն ազգային հավաքականների մակարդակով հարուստ պատմություն ունի։ Նախկինում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 4 ընտրական փուլ անընդմեջ Հայաստանն ու Ուկրաինան անբաժան էին։ 1997-2003 թթ․ թիմերն անցկացրել են 8 խաղ։

Առաջին անգամը եղել է աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում: 1997-ի մայիսի 7-ին մերոնք 1-1 խաղացին Կիեւում, Հայաստանի ընտրանուց աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Նույն տարվա հոկտեմբերի 11-ին Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2000»-ի ընտրական մրցաշարում: 1998-ի հոկտեմբերի 14-ին Կիեւում մերոնք պարտվեցին 0-2, իսկ 1999-ի հունիսի 9-ին Երեւանում գրանցվեց 0-0: ԱԱ-2002-ի ընտրական փուլում՝ 2000 թ. հոկտեմբերի 7-ին, Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 3-2 հաշվով: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը: Պատասխան խաղը 2001-ի սեպտեմբերի 5-ին Լվովում էր. Հայաստանի ընտրանին պարտվեց 0-3: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում էլ Երեւանում 2002 թ. սեպտեմբերի 7-ին թիմերը 2-2 խաղացին: Մերոնցից աչքի ընկան Արթուր Պետրոսյանն ու Ալբերտ Սարգսյանը, իսկ 2003-ի հունիսի 7-ին Լվովում գրանցվեց 3-4: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Սարգսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Այդ խաղում Անդրեյ Շեւչենկոն կեղծակերպ արարքի (սիմուլյացիա) միջոցով 11-մ վաստակեց, որը վճռորոշ եղավ ուկրաինացիների հաղթանակի համար:

Վերջին անգամ թիմերը հանդիպեցին Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության ժամանակ՝ այս տարվա հունիսի 11-ին, Լեհաստանի Լոձ քաղաքում, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ուկրաինացիները սեփական հարկի տակ խաղերն ստիպված անցկացնում են արտերկրում։ Լոձում Ուկրաինան հաղթեց 3-0 հաշվով։ 

Այսպիսով՝ կայացած 9 խաղերից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, մյուս 6-ում էլ հաղթել է Ուկրաինան: Գոլերի տարբերությունը 8-20 է՝ հոօգուտ Ուկրաինայի: 

Երեւանի ժամանակով 22։45-ին էլ կսկսվի Իռլանդիա-Շոտլանդիա հանդիպումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter