Ռուս-ուկրաինական պատերազմի թեման՝ ՄԱԿ ԳԽ 77-րդ նստաշրջանում
2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը բարձրաստիճան հատվածում քննարկվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ներկայացնում ենք ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթների գլխավոր մտքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
«Եկեք անկեղծ լինենք։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք և փորձել քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը։
Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության այնպիսի հիմնական դրույթները, ինչպիսին է հարևան պետությունների տարածքների բռնազավթման հստակ ձևակերպված արգելքը։
Այսօր կրկին նախագահ Պուտինը բացահայտորեն սպառնում է Եվրոպային միջուկային պատերազմով, ինչը համարվում է չտարածման ռեժիմի պարտավորությունների անխոհեմ արհամարհում:
Այժմ Ռուսաստանն իր շարքերն է հրավիրում նոր զինվորների՝ մասնակցելու այս ճակատամարտին։ Կրեմլը կեղծ հանրաքվեներ է կազմակերպում Ուկրաինայի մասերի միացման համար, ինչը նույնպես ՄԱԿ-ի Կանոնադրության կոպտագույն խախտում է։
Ողջ աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ են այս գործողությունները։ Պուտինն ասում է, որ ստիպված էր գործել, քանի որ Ռուսաստանը հարձակման սպառնալիքի տակ էր: Բայց Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել և Ռուսաստանից բացի ոչ ոք կոնֆլիկտ չի փնտրել» - Բայդենի խոսքերն է փոխանցում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական էջը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում ասել է. «Ուկրաինան պատիժ է պահանջում մեր տարածքը գողանալու փորձի համար։ Պատիժ հազարավոր մարդկանց սպանելու համար։ Պատիժ կանանց և տղամարդկանց տանջանքների համար։ Պատիժ այն աղետալի խառնաշփոթի համար, որը Ռուսաստանը հրահրեց իր անօրինական պատերազմով, և ոչ միայն մեզ՝ ուկրաինացիներիս, այլ ամբողջ աշխարհի համար։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այս դահլիճում ներկայացված յուրաքանչյուր ազգի համար»։
Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ խոսում է պաշտպանվող երկրի անունից, բայց առաջարկել է խաղաղության իր բանաձևը։
«Ռուսաստանը պետք է զրկվի պատերազմի իրավունքից, պետք է զրկվի վետոյի իրավունքից, պետք է ստեղծվի միջազգային տրիբունալ և միջազգային փոխհատուցման մեխանիզմ»։
Իր ելույթի վերջում նա հավելել է, որ Ռուսաստանը պատերազմ է ուզում, բայց չի կարող կասեցնել պատմության ընթացքը։
«Մարդկությունն ու միջազգային իրավունքն ավելի ուժեղ են, քան մեկ ահաբեկչական պետություն։ Ռուսաստանը պետք է կանգնեցնի պատերազմը։ Պատերազմ, որ հենց ինքն է սկսել», - նախագահի խոսքերն է փոխանցում ՄԱԿ-ի պաշտոնական էջը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, 2014 թվականից Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անպատժելի է անվանել։
«Ինչպես հասկանում եմ, այսօրվա հանդիպումը պայմանավորված էր որոշ պատվիրակությունների՝ Ուկրաինայում անպատժելիության թեման քննարկելու ցանկությամբ։ Կարծում եմ, որ սա շատ ժամանակին է, քանի որ հենց այս տերմինը՝ անպատժելիությունն է արտացոլում այն, ինչ կատարվում է այս երկրում 2014 թվականից ի վեր»,- Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը։
Լավրովն իր ելույթում մեղադրել է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրներին, որոնք մտադիր են հնարավորինս երկարաձգել ռազմական գործողությունները՝ չնայած զոհերին և ավերածություններին, որպեսզի «հյուծեն ու թուլացնեն Ռուսաստանը»։ Կոլեկտիվ Արևմուտքը ուկրաինական հակամարտության կողմն է կանգնել, ինչի մասին է վկայում Կիևին նրա օգնությունը, ներառյալ զենքի մատակարարումը, ավելացրել է սերջգեյ Լավրովը։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն անվստահություն է հայտնել Միջազգային Քրեական Դատարանին (ՄՔԴ)։
«Մենք ութ տարի սպասել ենք, թե երբ է Ուկրաինայում անպատժելիության դեմ պայքար սկսվելու։ Մենք այլևս հույսներս չենք դրել արդարության վրա։ Եկել է գործելու ժամանակը»,- հավելել է Սերգեյ Լավրովը։
Պատրաստեց Վաղինակ Ասատրյանը
ԵՊՀ Ժուռնալիստիկայի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել