«Դաժան ժամեր էին». սոթքեցիները վերհիշում են սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը
«Մենք քնած էինք, առաջին կրակոցը լսել են սկեսուրս ու սկեսրայրս, մեզ արթնացրին, սկսեցինք երեխաներին հագցնել, որ դուրս գանք տնից»,- սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվա հրետակոծության առաջին րոպեներն է հիշում Մանիկ Խոջոյանը։ Նրա 7-հոգանոց ընտանիքն ապրում էր Սոթքում:
Մանիկը 3 երեխաների հետ շտապել է դեպի մեքենան, ասում է՝ «դեռ սկեսրայրս չէր հասցրել տնից դուրս գալ, երբ տունը պայթեց. թևն ու գլուխն էր մի թեթև վնասվել»:
Հասցրեցին գյուղից փախչել, կրակոցները շարունակվում էին:
«Ընտանիքս մասնատվեց 3 մասի: Ես երեխաներիս հետ Աբովյանում եմ, ամուսինս՝ Վարդենիսում, մեծերը՝ Խաչաղբյուրում» -պատմում է Մանիկը:
Այս պահին նրանք Վարդենիսում են, եկել են ամուսնուն տեսնելու, ասում է՝ երեխաները շատ են կարոտում հորը: Վերադառնալու են Աբովյան, որտեղ ապրում են ամուսնու քրոջ 4-հոգանոց ընտանիքի հետ՝ երկու փոքր սենյակում:
Տեղահանվելուց հետո Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից 1 արկղ սնունդ ու հիգիենայի պարագաներ են ստացել: «Մի երիտասարդ տղա էլ սնունդ ու քաղցրավենիք բերել երեխաներին։ Անունը Գոռ էր, շատ բարի երիտասարդ էր»,- ասում է Մանիկը:
Նա պատկերացում չունի, թե հետագայում որտեղ կապրեն, բայց Սոթք վերադառնալ չի ուզում:
«Երեխաները շատ վախեցած են, եթե նույնիսկ տունը սարքեն, երեխաներին չենք տանի, որովհետև ես էլ եմ վախենում նրանց համար, բայց մենք մեծերով կգնանք-կգանք։ Կարտոֆիլի դաշտեր ունենք, մեր բերքը կհավաքենք»,- ասում է Մանիկը:
Ընտանիքի ապրուստի միջոցը գյուղի ջերմոցն էր, որտեղ ամբողջ ձմեռ մշակաբույսեր էին աճեցնում։ Ադրբեջանական հրետակոծությունից դա էլ է ավերվել:
Սոթքի հրետակոծությունից տուժել է նաև Գայանե Վարդանյանի 6-հոգանոց ընտանիքը:
«Կրակոցները, ավելի շուտ՝ հրետակոծությունը սկսվեց 00։05-ից։ Մեր տունը գտնվում է զորամասի մոտ, առաջին հարվածը զորամասին էր, մի քանի վայրկյանի տարբերությամբ երկրորդն անմիջապես տան մոտ ընկավ, ապակիները փշրվեցին, արդեն հասկացանք, որ հարձակվել են։ Երեխաներին քնաթաթախ, ծածկոցների մեջ փաթաթած՝ փորձեցինք դուրս գալ, բայց հարվածներն էնքան ուժեղ ու մոտ էին, որ չկարողացանք իջնել նկուղ։ Փորձեցինք տան միջով անցնել, բայց չկարողացանք բացել, փորձեցինք մոտենալ մուտքի դռանը, պատշգամբի պատուհանները փշրվեցին, դուրս եկանք ու գնացինք նկուղ»,-պատմում է Գայանեն։
Մեկ ու կես ժամ նրա ընտանիքը մնացել է նկուղում: «Մտածում էի՝ վերջ, հիմա հետևակն էլ կգա, միայն թե հասցնենք դուրս գալ կամ մեռնենք, միայն թե գերի չընկնենք։ Դաժան ժամեր էին։ Երբ մերոնք սկսեցին կրակել, մի քիչ ուժգնությունը թուլացավ, որոշեցինք դուրս գալ գյուղից»ն,-հիշում է Սոթքի բնակչուհին։
Ժամը 03։00ի մոտ հասել են Մարտունու Զոլաքար գյուղ, իրենց ազգականի տուն։
Գայանեի խոսքով՝ բնակիչներից մեկը գյուղից դուրս գալու պահին բեկորային վնասվածք է ստացել։
Ոչ մի օգնություն նրա ընտանիքը չի ստացել, բայց գրանցվել են Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունում՝ աջակցության հետագա ծրագրերի համար։
Ասում է՝ եթե անվտանգության երաշխիք լինի, կվերադառնան, տունն ու աշխատանքն այնտեղ են։ Բայց երեխաները չեն ցանկանում նորից անցնել դրա միջով։ Չգիտեն՝ հաջորդ անգամ բախտները կբերի՞, ողջ կմնա՞ն, թե ոչ։
Էլեն Առաքելյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել