Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում. դեսպանատուն
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ ԳԴՀ նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում։
Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։
«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,-այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնել դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- ամփոփել է Թինտրուպը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել