HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական գործողություններ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին. կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին կրակի դադարեցման շուրջ։ Նախօրեին սկսված կատաղի բախումները երկու կողմից հանգեցրել էին մեծ թվով տուժածների։

BBC-ն, հղում անելով Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը, գրում է, որ սեպտեմբերի 16-ի առավոտյան գնդակոծվել է Ղրղզստանի վեց սահմանապահ ջոկատ, որոնք տեղակայված էին Բատկենի մարզի Բատկեն և Լեյլեք շրջաններում։

Բատկենի մարզը Ղրղզստանի ամենահեռավոր և արևմտյան շրջանն է, որը սահմանակից է ինչպես Տաջիկստանին, այնպես էլ Ուզբեկստանին։ Բատկենի մարզում, տաջիկ-ղրղզական սահմանի 308 կիլոմետրը, ինչպես նաև հարակից 210 հազար հեկտարը, ինչը մի փոքր է փոքր Լյուքսեմբուրգի տարածքից, դեռևս համաձայնեցված չեն։

Այս վիճելի տարածքներում տեղի բնակիչների միջև հաճախ են տեղի ունենում բախումներ, որոնք վերածվում են զինված բախումների՝ երկու երկրների սահմանապահների միջև։

Հինգշաբթի Տաջիկստանը հայտնել էր 2 զոհված և մի քանի վիրավոր սահմանապահի մասին, իսկ Ղրղզստանը՝ 42 վիրավորի մասին, որոնց մեջ կային խաղաղ բնակիչներ և երեխաներ։ Ուրբաթ օրը Ղրղզստանը հայտնել էր ևս 31 վիրավորի մասին, իսկ Տաջիկստանը` 1 զոհի և մի քանի վիրավորի մասին։ Երկու երկրների իշխանություններն սկսել էին տարհանել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ 

Փոխհրաձգությունը սկսվել էր երկու օր առաջ՝ հարևան Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ, որտեղ կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները հավաքվել էին քննարկելու տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ևս մասնակցում էին այդ գագաթնաժողովին։ Ուրբաթ կեսօրին Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ժապարովն ու Ռահմոնը բանակցություններ են վարել սահմանին տիրող իրավիճակի շուրջ։

«Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են համապատասխան կառույցներին հանձնարարել հրադադարի և շփման գծից ուժերի ու միջոցների դուրսբերման մասին։ Կստեղծվի հանձնաժողով, որը կհետաքննի դեպքի հանգամանքներն ու պատճառները»,- հայտարարել էր ղրղզական կողմը։

Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնելու պետական սահմանի սահմանազատման միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ 

Ուրբաթ օրը Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յաթիմովը պայմանավորվել են հրադադարի շուրջ, որը կսկսի գործել ժամը 16:00-ից (Երևանի ժամանակով՝ 14:00-ից)։

Մինչ այդ, երկու երկրների սահմանապահ ծառայությունները հայտնել էին սահմանի ողջ երկայնքով հրաձգության մասին։ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր Բատկեն քաղաքի ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումների մասին։

Կոնֆլիկտի բռնկման պատճառների մասին տեղեկությունները հակասական են։ Ղրղըզ սահմանապահները հայտնել են, որ տաջիկ սահմանապահները վիճելի տարածքներից կրակ են բացել իրենց ուղղությամբ։ Իսկ տաջիկական կողմը հայտարարել էր, որ ղրղզ սահմանապահներն առանց պատճառի սկսել էին կրակ արձակել իրենց ուղղությամբ։ 

Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են ծանր զինտեխնիկա սահման տեղափոխելու և փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մեջ ու հայտարարում սահմանային կետերի և բնակավայրերի ռմբակոծման մասին։ Ղրղզստանը բողոքի նոտա է փոխանցել Տաջիկստանի դեսպանատանը՝ հայտարարելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին։ 

Ղրղզստանը նաև հայտարարել է, որ տաջիկների կողմից կռվում են «անծանոթ զինվորական համազգեստով» զինվորներ։ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը նաև հայտարարել է, որ տաջիկ սահմանապահները փորձել են Ղրղզստանի տարածքում բնակավայրեր գրավել։ 

Կան յոթ անկլավներ, որոնք վիճելի տարածքներ են այս երկու երկրների համար։ Դրանք, որպես ժառանգություն, Ղրղզստանին և Տաջիկստանին հասել են ԽՍՀՄ-ից ու մինչ օրս դառնում են կոնֆլիկտային գոտիներ՝ տեղական ենթակառուցվածքների վերաբերյալ ամենօրյա վեճերի պատճառով. ջրամբարներ, ճանապարհներ կամ արոտավայրեր։  

Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ այս անգամ ևս առաջին կրակոցները հնչել են տաջիկական Վորուխ անկլավի մոտ, որտեղ ապրում է 35 հազար տաջիկստանցի։ Ինչպես Տաջիկստանում, այնպես էլ Ղրղզստանում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ։ ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը Ղրղզստանին և Տաջիկստանին հորդորել էր դադարեցնել բախումները սահմանին։ 

Չնայած կողմերը հայտարարել են հրադադարի մասին, սակայն շարունակվում են պարբերաբար հաղորդագրություններ ստացվել դրա խախտման վերաբերյալ։

Լուսանկարը՝ REUTERS/Vladimir Pirogov

Պատրաստեց՝ Վաղինակ Ասատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter