Չմիջամտե'լ ԶԼՄ-ների աշխատանքին. լրագրողական կազմակերպությունների պահանջը ոստիկանությանը
Լրագրողական մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած վեճի վերաբերյալ։
Վեճի են բռնվել «MediaHub.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Մասնավորապես՝ վերջինս հեռախոսով հարվածելու սպառնալիք է դրսևորել, Անի Գևորգյանն էլ ասել է, թե այդ պատգամավորի տեղը փողոցում է։ Լարվածություն է առաջացել նաև «Yerevan.Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի՝ ՔՊ-ական պատգամավորների հետ շփվելու ընթացքում։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրավապահներին հրահանգել է այս երկու լրագրողներին հեռացնել խորհրդարանի շենքից, ընդ որում՝ Անի Գևորգյանը դուրս է բերվել ուժի կիրառմամբ, քաշքշել են «Yerevan.Today»-ի օպերատոր Գեղազնիկ Հովակիմյանին, դուրս հրավիրել նաև «MediaHub.am»-ի օպերատոր Էրիկ Թովմասյանին։ Խորհրդարանի ղեկավարի այս քայլը կամայական է և անթույլատրելի, քանի որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել բանավոր ցուցումով, առանց քննարկման և համապատասխան որոշում կայացնելու։
Նույն օրը, ավելի վաղ, մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «24lurer.am»-ի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Ոստիկանության ծառայողները լրագրողի ձեռքից խլել են հեռախոսը, նրան ասֆալտին գցել ու հարվածներ են հասցրել, ապա՝ անօգնական թողնելով հեռացել։ Ի դեպ, Արթուր Հայրապետյանը նախապես ցույց է տվել լրագրողական բեյջը։
Հայտարարությունը ստորագրած լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել վերոհիշյալ միջադեպերի կապակցությամբ և պահանջել՝
- ԱԺ ղեկավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել սեպտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած կոնֆլիկտը, այդ առնչությամբ գումարել էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին։ Այսօրվա ճգնաժամային, պատերազմական իրավիճակում լրացուցիչ ներքին լարվածություններից խուսափելու համար առավել զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ։ Ապահովել բարենպաստ պայմաններ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողների գործունեության համար։
- ՀՀ ոստիկանությունից` անկողմնակալ ծառայողական քննություն իրականացնել, բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած, լրագրողին ծեծի ենթարկած ծառայողներին և նրանց պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ խստորեն հրահանգել չմիջամտել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին և անվտանգ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել