
49 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան
Երեկ կեսգիշերից ՀՀ պետական սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմը 49 զոհ ունի։ Այս տվյալը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարությանը։
«Պիտի արձանագրենք, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի նոր հրապարակվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական ուժերը հարձակվել են սկզբում 4 ուղղությամբ, ապա ավելացել է և 2-3 ուղղություն։
Գնահատելով բանակի մարտունակությունը՝ վարչապետը նշեց, որ զինվորները կռվում են անձնուրացաբար և հերոսաբար։ «Պիտի նաև հարգանքի տուրք մատուցենք մեր զոհված զինվորներին և սպաներին, ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հենված մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ «Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ պատգամավորներին վարչապետը ներկայացրեց ադրբեջանական հարձակումից հետո իրականացված գործողությունները, խոսեց Անվտանգության խորհրդի նիստից, միջազգային գործընկերներին ուղղված դիմումներից։
Մեկնաբանել