HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցների կառավարման նոր մոդելով վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է բովանդակայինից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտների պատասխանատուներին: 

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են  2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի  փոփոխություններով պայմանավորված հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատմանն ու արդյունավետ իրագործման հարցը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, լիցենզավորման և զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Մինչև օրենքով սահմանված նոր իրավակարգավորումների կիրառումը պետք է իրականացնենք նախապատրաստական մեծ աշխատանք, որը պետք է իրականացնենք մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է լինելու մեխանիզմների ճիշտ պլանավորմամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը` նախարարի տեղակալը փաստել է, որ օրենքով ամրագրված է` վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի վարչատնտեսական կառավարման գործառույթները կարող է պատվիրակվել վարչական համակարգողին (ֆիզիկական անձի), ինչպես նաև իրավաբանական անձի:  

«Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին: Առանձնացրել ենք վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տալով ժամանակ` բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու:

Մեր հիմնական նպատակն էր նաև բարձրացնել վարչատնտեսական կառավարման որակը` հաշվի առնելով, որ մի շարք գործառույթների կենտրոնացված իրագործումն ավելի նպատակահարմար է արդյունավետության տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության  կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:  

Կառավարման մոդելին առնչվող մյուս կարևոր նորույթը, որն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ, դպրոցի տնօրենի նշանակումն է, որով դպրոցական խորհուրդներից հանվում է տնօրենին ընտրելու գործառույթը: Տնօրենին նշանակելու է պետական լիազոր մարմինը (ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը)` հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը:

Անդրադառնալով հարցին, թե նոր օրենքի վերը նշված դրույթներն ինչպես են ուժի մեջ մտնելու և ինչպիսի առաջնահերթությամբ են տարածվելու դպրոցների վրա, նախարարի  տեղակալը նշել է. «Դպրոցների այն տնօրենները, որոնց մրցույթները կհայտարարվեն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն` 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ընտրվելուց հետո մինչև իրենց պաշտոնավարման ավարտը  կաշխատեն ներկայում գործող կարգավորումներով: Նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հունվարից հետո»: 

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ըստ մարզերի՝ կատարվել է տվյալների ամփոփում և կան նախնական ամփոփ տվյալներ, թե առաջին փուլով որ դպրոցներում է ներդրվելու կառավարման  նոր մոդելը: Նոր կարգով նշանակված տնօրենները հետագայում ատեստավորման ճանապարհով կարող են շարունակել պաշտոնավարումը` չգնալով հավաստագրման քննության: Հավաստագրման ինստիտուտը՝ որպես  մուտքային պահանջ, կշարունակի գործել առաջին անգամ նշանակվող տնօրենի համար, հետևաբար առաջին ատեստավորված տնօրենը, որը կկարողանա շարունակել աշխատանքը որպես տնօրեն` առանց հավաստագրվելու, կունենանք նոր մոդելի կարգավորման դրույթի ուժի մեջ մտնելուց 5 տարի անց, այսինքն` 2028 թվականին:

Իրականացվել է նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնող աշխատակիցների քարտեզագրում, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում են օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումները:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու  առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին:

Երևանի և մարզպետարանների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական:  

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Շատ լավ։ Սպասում ենք օրենքի ուժի մեչ մտնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter