HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ների կարծիքը՝ գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու օրենքի նախագծի վերաբերյալ

Մի շարք հասարակական կազմակերպություններ կարծիք են արտահայտել ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորության վերաբերյալ։

2022 թ. օգոստոսի 24-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։ 

Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։

Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։

Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։

Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Կարդացեք նաև՝ 

Խտրական եւ հակասահմանադրական. տեսակետներ ՊՆ նախագծի մասին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter