
Վճռաբեկ դատարանը հստակեցրել է վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթները
Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Բորիս Աշրաֆյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից բավարարված հայցերը մերժելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց նախադեպային որոշում վիրավորանքի և զրպարտության գործերով:
Արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով դատարաններում առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է նշված հոդվածի՝ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթները: Նշված իրավական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն թվականի մայիսի 11-ից:
Վճռաբեկ դատարանը սահմանել է վիրավորանքի և զրպարտության գնահատման չափանիշները՝ նշելով, որ վավերապայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վիրավորանքի կամ զրպարտության մասին խոսք լինել չի կարող: Ըստ այդմ՝ կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար այն պետք է կատարված լինի հրապարակային ձևով, իրականում արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է նման նպատակ հետապնդի, այսինքն՝ պետք է անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Ընդ որում՝ այս փաստերի ապացուցման պարտականությունը դրված է հայցվորի վրա:
Նշված պարտադիր պայմաններին բավարարող արտահայտությունը վիրավորանք չի որակվի, եթե տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: «Ստույգ փաստերն» այն փաստերն են, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ, կամ ապացուցման անհրաժեշտություն չունեցող, հանրահայտ փաստեր են:
Հստակեցվել է նաև «հրապարակային» հասկացությունը. այն կարող է դրսևորվել տպագրության, ԶԼՄ-ների, համացանցի, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով: Հրապարակային են առնվազն երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները, վերջիններս 3-րդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ 3-րդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ: Նման դեպքում առկա է վնասի համատեղ պատճառում:
Արտահայտությունները չեն կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի հասանելի չդառնան այլ անձանց:
Վճռաբեկ դատարանը տարբերակել է գնահատողական դատողությունն ու փաստը՝ նշելով, որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում վիրավորանքի և զրպարտության գործերի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա. ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին է, և նման պահանջն ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը:
Բայց միաժամանակ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ գնահատող դատողությունն այնուամենայնիվ պետք է հիմնված լինի բավարար փաստական հիմքի վրա, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այդ հանգամանքը: Հակառակ դեպքում փաստական հիմքից զուրկ դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:
Յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է ներկայացված փաստացի տվյալները գնահատել «գերակա հանրային շահի» տեսանկյունից՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝ արդյոք այդ տեղեկատվությունն ահրաժե՞շտ է եղել հանրության համար, արդյոք հասարակությունը հետևե՞լ է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասե՞լ է դրանց հետագա հրապարակմանը: Այս առումով Վճռաբեկ դատարանը նշել է, որ ԶԼՄ-ների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ գաղափարների տարածման պարտականությունը: ԶԼՄ-ների այդ գործառութային պարտականությանն էլ զուգորդվում է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքին:
Զրպարտության գնահատման չափանիշներն են. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համաբավը, պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, պետք է լինեն փաստացի, ոչ վերացական, այսինքն՝ կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ:
Նշված պարտադիր պայմաններին բավարարող արտահայտությունը զրպարտություն չի որակվի, եթե տեղեկատվությունը վերաբերում է դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ է գտել ապացույցներում, զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից մեջբերված եզրահանգում կամ փաստ է, պայմանավորված է գերակա հանրային շահով:
Հատկանշական է, որ եթե տեղեկատվության՝ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքը բավարար է այն վիրավորանք չգնահատելու համար, ապա զրպարտության դեպքում անհրաժեշտ է նաև լրացուցիչ փաստական կազմի առկայություն:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիրավորանքի և զրպարտության գործերով պատասխանատվությունից ազատվելու դեպքերին՝ նշելով երկու պայմանների դարձյալ միաժամանակյա առկայություն. անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Հակառակ դեպքում հրապարակողն ինքն է համարվում զրպարտող կամ վիրավորող:
Այս երկու պայմանների առկայությունը չի ազատի պատասխանատվությունից, եթե դատարավարության ընթացքում ապացուցվի, որ անձի մոտ առկա է եղել զրպարտելու դիտավորություն: Այդ դեպքում տեղեկատվությունը կրող աղբյուրը և այն հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն՝ որպես համատեղ վնաս պատճառողներ:
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի այն տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը:
Վիրավորանքի և զրպարտության դեպքերում իրավունքի պաշտպանության միջոցն ընտրում է տուժողը, որը մի դեպքում կարող է նախապատվություն տալ մեկամսյա ժամկետում ԶԼՄ-ին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում՝ դատական հայց ներկայացնելուն՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից մինչև վեց ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սրանք ողջամիտ ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն:
Սակայն Վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև պարտադիր պայման չէ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար ԶԼՄ-ին դիմելը, այդուհանդերձ, դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն՝ արդյոք մինչև դատարան հայց ներկայացնելը անձը դիմե՞լ է ԶԼՄ-ին՝ հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին ԶԼՄ-ն որևէ ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ:
Փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում էլ պետք է հաշվի առնել վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը, և բացառել փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս եթե պատասխանողը զանգվածային լրատվության միջոց է: Սակայն մինչև նյութական փոխհատուցում սահմանելը պետք է նախապատվությունը տալ պատճառված վնասի վերականգնման ոչ նյութական միջոցներին՝ ներողություն, հերքում, պատասխանի հրապարակում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել