Փորձագետներն անդրադարձել են կրթության զարգացման ծրագրի նախագծին
Հուլիսի 28-ին կառավարությունը հաստատել էր մինչև 2030թ․ կրթության զարգացման ծրագրի նախագիծը։ Սեպտեմբերի 1-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ փաստաթղթի բարեհաճող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան։ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման թեման կրթությունն էր, բուհական համակարգը և առաջարկվող փոփոխությունները։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ողջունելի է, որ վերջապես ընդունվել է փաստաթուղթ, որի մասին տարիներ շարունակ խոսվել է: Սակայն գործընթացի և փաստաթղթի բովանդակության մասին խոսելով ՝ նշեց, որ ցավալի է, երբ անցյալից դասեր չի քաղվում։ «Շատ կարևոր է, որ այս փաստաթուղթն ընդունվի մասնակցային ձևով։ Կառավարությունը, նախարարությունը հաճախ նշում են, որ e-draft-ում դրել են նախագիծը կամ մեկ-երկու հանդիպում են անցկացրել, դա բավարար է, որ համարեն՝ փաստաթուղթը անցել է հանրային քննարկումներ և մասնակցային է»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս կարծիքին չէ, քանի որ փաստաթուղթը պետք է հենց հիմքից լինի մասնակցային՝ գլխավոր թիրախներ, նպատակներ, ռազմավարական ուղղություններ որոնք կան փաստաթղթում, առաջին հերթին պետք է համաձայնեցվեն, հետո նոր փաստաթուղթը գնա շարադրման։ Իսկ ներկայացված փաստաթուղթն արդեն շարադրված է, և երևում է հեղինակների ձեռագրերը, նմանատիպ փաստաթղթերը ձախողվում են, քանի որ մնում են կառավարության և իշխանության վրա, ուսուցիչներն ու դասախոսները և ոլորտի այլ խաղացողներ չեն աջակցելու փաստաթղթին։ «Այս տեսակի փաստաթուղթը եթե մնում է որպես զուտ կառավարության փաստաթուղթ, որևէ շանս չունի իրագործման և հաջողության»,- նշեց կրթության փորձագետը։
Նա կարևորեց հիմնական թեզերի շուրջ քննարկում անելը հիմնական խաղացողների հետ՝ այդ թվում ծնողների ու աշակերտների, ուսանողների, և հետո նոր շարադրել փաստաթուղթը։
Հետպատերազմական շրջանի հետ կապված առաջարկվող որոշ փոփոխություններ կրթության փորձագետի կարծիքով նկատվում է, սակայն ստացվել է շարադրություն, ոչ թե ռազմավարական պլան։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ փաստաթուղթը մեծ մասով թվարկում է խնդիրները, որոնք ՀՀ-ի կրթական համակարգն ունի։ Փաստաթղթում նշված է հետևանքը, սակայն պետք է նաև հասկանալ՝ որոնք են եղել նման իրավիճակի պատճառները։ Ըստ Ամիրյանի՝ կան բաներ, որոնք կատարվելու դեպքում կարևոր փոփոխություններ կարող են լինել ոլորտում։
Քննարկմանն անդրադարձան նաև վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք է գնալ բուհերի խոշորացմանը, որով կգործի 8 պետական բուհ՝ պետական ֆինանսավորմամբ, կհամապատասխանեցվեն պետական չափանիշներին, ինչպես նաև բուհերը Երևանից կտեղափոխվեն Աշտարակ։
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ սա նորություն չի եղել, և կառավարությունը 5-ամյա ծրագրում նշել է Ակադեմիական քաղաք ունենալու մասին։ Միակ նորությունը քաղաքի անունը նշելն է, ըստ Խաչատրյանի՝ արդեն կա ակադեմիական քաղաքը՝ Երևանը, թեև քաղաքի կենտրոնում կա ծանրաբեռնվածություն։ «Եթե լիներ ապացույց, որ կենտրոնից ծայրամաս տանելն ազդում է կրթության որակի վրա, ես մեծ սիրով կհամաձայնվեի, բայց էդպիսի ապացույց չկա»,- նշեց Խաչատրյանը։ Ըստ Դավիթ Ամիրյանի՝ պետք է հասկանալ՝ բուհերը ծայրամաս տեղափոխելով կրթական խնդիրները լուծվելու են, շենքերը տեղափոխելով կրթության բովանդակությունը փոխվելու է, թե՝ ոչ։
Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի խոսքով՝ փաստաթղթի վերջում նշված է, որ այն լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի ենթադրում, սակայն զարմանալի է՝ ինչպես պետք է իրականացվի ծրագիրն առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների։
Ըստ նրա՝ նախկին իշխանությունը սկսել էր խոսել Հայաստանում համատարած գրագողությունից, իսկ նոր իշխանությունն այդ մասին չի հիշատակում։ Եւ տարբերություն չկա գրագողությունը կլինի Աշտարակում, թե Երևանում։
Դավիթ Ամիրյանի խոսքով՝ բուհական համակարգի մասին խոսելով՝ առաջինը պետք է հիշել ուսանողությանը, հեղափոխությունից հետո չփոխվեց խորհուրդները, ձևավորման կարգը, չփոխվեց ուսխորհուրդների կայացման, ազատականացման հարցը։
Բուհական համակարգի ծերացման մասին էլ Դավիթ Ամիրյանը նշեց, որ շենքի տեղափոխությունը հարցի լուծում չէ։
Խոսքն ամփոփելով՝ Սերոբ Խաչատրյանը ասաց, որ ակնկալվում է՝ փաստաթուղթն ունենալու է գործողությունների ծրագիր, որտեղ ներկայացվելու է նաև ֆինանսական որոշակի հաշվետվություն, ըստ նրա՝ պետք է ունենալ սոցիալական դաշինք և միասին քննարկել, թե ինչից պետք է սկսել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել