Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները․ քաղաքապետարան
Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին:
«Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթևացրել ենք պարտականությունները. Յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսևորի հանրային պատասխանատվություն և այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողթության գործընթացը»,- ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:
Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել:
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ որոշ տնտեսվարողներ առանց հիշեցման էլ բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունը:
«Տարիներ շարունակ գործունեություն իրականացնելով Երևանում՝ փորձում ենք մեր փոքր լուման ներդնել քաղաքում մաքրություն պահպանելու և արտաքին տեսքը բարելավելու գործում»,-ասում է տնտեսվարողներից մեկը: Որոշ տնտեսվարողներն էլ, սակայն, ոչ միայն չեն ապահովում տարրական մաքրություն, այլև փնտրում են իրենց արդարացնող պատճառաբանություններ: Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: Սակայն քաղաքային իշխանության նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ համատեղ ուժերով քաղաքի խնդիրները լուծելը:
«Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,- ասում է Արամ Դանիելյանը:
Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները:
«Առաջիկայում կմշակվի հայեցակարգ՝ բարեկարգման մեկ ընդհանրական նախագիծ. եթե տնտեսվարողները որոշեն բարեկարգել, ապա միայն նախագծի հիման վրա, որպեսզի, եթե հարևան տնտեսվարողներն էլ համապատասխան որոշում կայացնեն, ունենանք մեկ միասնական մոտեցում» -նշում է Արամ Դանիելյանը:
Քաղաքի մաքրության ապահովումն ու նաև բարեկարգումը աշխարհի շատ երկրներում քաղաքային իշխանության հետ հոգում է նաև մասնավորն ու բնակիչը: Երևանում այս եղնակն ամրագրելու համար այժմ տնտեսվարողները ևս մեկ անգամ տեղեկացվում են քաղաքի հանդեպ իրենց ամրագրված պարտավորությունների մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել